211652_close_icon
views-count6719 դիտում article-date 09:42 19-10-2018

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ անթերի ոչինչ չի լինում, իսկ թերությունների դեպքում պատրաստ ենք ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամի հետ քննարկել ցանկացած խնդիր և ողջամիտ և առարկայական լուծումներ գտնել

Կարծում եմ շատերին հայտնի է, թե այսօր ինչ է տեղի ունեցել սպորտի նախարարության շենքի դիմաց: Այսօր տեղի ունեցածի առթիվ ցանկանում եմ մի քանի կարևոր հանգամանք արձանագրել: Սպորտի նախարարը հեռախոսազրույցի միջոցով ցանկություն հայտնեց հանդիպել և բոլոր խնդիրները քննարկել և նշեց, որ հանդիպումը տեղի կունենա բողոքող անձանց ներկայացուցչի հետ: Սակայն հանդիպումը տեղի ունեցավ առանց այդ անձանց ներկայացուցիչների մասնակցությամբ: Հետևություն. վերջիններս միանշանակ ուղղորդվում են ՀԱՕԿ նախագահի կողմից և արհեստածին լարվածությունը ստեղծում է հենց Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով նաև «տիրանալ» Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային: Մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք պետք է արձանագրել: Այսօր նախարարի հետ հանդիպմանը երկուստեք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով, սակայն նախարարի հետ հանդիպման ժամանակ երկուստեք քննարկածը և արձանագրածը որևէ կերպ չի արտացոլում նախարարության պաշտոնական հայտարարության բովանդակությունը: Պատահական չէ, որ նախարարը խուսափեց քննարկման հրապարակայնությունից, քանի որ խոսեցինք մի բան, սակայն հայտարարեց մեկ ուրիշ բան: Հետևություն. Նախարարը, ինչպես միշտ ուղղորդվում է Գագիկ Ծառուկյանի կողմից: Այժմ անդրադառնանք նախարարության պաշտոնական հայտարարությանը (տես՝ www.[color=#EF2929]hraparak.am[/color]/…/սպորտի-նախարարության-հայտարարությունը-հբֆ…), որով արհեստածին խնդրի կարգավորումը տեսնում են արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությամբ: Դրա վերաբերյալ հարկ եմ համարում նշել, որ Ֆեդերացիայի կանոնադրության 12.2 կետի համաձայն՝ ընտրությունների ընթացակարգը պետք է հաստատվի ԱԻԲԱ-ի կողմից: Իսկ 13.2 կետի համաձայն՝ ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ֆեդերացիայի կառուցվածքը ներկայացվում է ԱԻԲԱ-ի վերջնական հաստատմանը և ճանաչմանը: Միանշանակ արձանագրենք, որ ԱԻԲԱ-ն հաստատել և ճանաչել է ընտրությունների արդյունքները (ապացույցները բազմիցս ներկայացվել են), ուստի արտահերթ ընտրություններ անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է: Ավելին՝ կանոնադրության 10.5.7. կետի համաձայն՝ համաժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ: Այսինքն կանոնադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգը անտեսելով՝ բողոքավորները և նախարարությունը, առանց որևէ ծանրակշիռ փաստարկ ներկայացնելու, առաջարկում են անցկացնել արտահերթ ընտրություններ: Հայտարարության տեքստի մեջ առնվազն տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ նախարարը ընդգծել է մեկ այլ ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման փաստը, որը որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այսինքն պետք է ենթադրել, որ նախարարը ազգային Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի խնդիրների առնչությամբ հաշվի է առնում նաև այլ ֆեդերացիաների նախագահների կարծիքները, առավել ևս այն պարագայում, որ այդ ֆեդերացիայի նախագահը չի հանդիսանում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ: Եթե Գագիկ Ծառուկյանն իր խոստացած ֆեդերացիան հիմնադրել է, ապա թող բարի լինի զարգացնի այդ ֆեդերացիան: Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ անթերի ոչինչ չի լինում, իսկ թերությունների դեպքում պատրաստ ենք ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամի հետ քննարկել ցանկացած խնդիր և ողջամիտ և առարկայական լուծումներ գտնել: Հարգանքով՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ա.Գևորգյան

Նմանատիպ նյութեր