211652_close_icon
views-count5964 դիտում article-date 11:08 20-10-2018

Արդարացումները, թե «մենք չենք թալանել, իսկ թալանողները շարունակում են բարգավաճել», ոչ ոք չի լսի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե ճիշտ են այն լուրերը, որ ՀՀԿ-ն մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա դա, մեղմ ասած, ռիսկային քայլ կլինի հանրապետականների կողմից: Վստահաբար կարելի է ասել, որ այդ կուսակցությունը չի հայտնվի խորհրդարանում՝ չունի համապատասխան ընտրազանգված: Թեև ի բնե տապալված գործին մասնակցելը, իհարկե, նրանց գործն է՝ գուցեև օգտակար լինի իմանալ ազատ ընտրությունների պարագայում սեփական վարկանիշը: Բայց ՀՀԿ-ի, ինչպես նաև Քոչարյանի ստեղծած միավորի հնարավոր մասնակցությունը բացասաբար կազդի նաև ընտրարշավի ողջ մթնոլորտի վրա: Ընտրական պայքարի մյուս մասնակիցները, իրենց բուն քարոզչությունը թողած, զբաղվելու են նախկին (և, կրկնեմ, ընտրվելու որևէ շանս չունեցող) ուժերի խարազանմամբ: Այսինքն՝ քարոզարշավի թեման, օրակարգը կլինի ոչ թե ապագան, այլ անցյալը, ոչ թե այն, թե ինչ է պետք անել, որ մեր երկիրն անվտանգ և բարգավաճ լինի, այլ այն, թե ինչ խորը անդունդի են հասցրել Հայաստանը անցած 20 կամ 30 տարիների ընթացքում: Դատափետումը («ժողովրդին թալանեցիք, պանդուխտ դարձրիք, երկիրը քանդեցիք, 800 հեկտար տվեցիք թշնամուն» և այլն) կլինի մեծ մասամբ արդարացի, բայց, մյուս կողմից, մեծ մասամբ՝ անիմաստ, որովհետև այժմ նման բաներ խոսելը ո՛չ քաղաքացիական արիություն է պահանջում, ո՛չ էլ խորը վերլուծական միտք: Նորմալ, հանգիստ վիճակում այնպիսի պատգամավորները, ինչպիսիք են՝ Վիգեն Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, անշուշտ, պատիվ կբերեին ցանկացած երկրի խորհրդարանին: Բայց այս պահին մեր քաղաքացիներին դա բացարձակապես չի հետաքրքրում: Ժողովրդի սիրտը, ինչպես ասում են, լցված է և տվյալ դեպքում լցված է խորը ատելությամբ, որն արդար, հիմնավորած ցասումը համատեղում է «թացն ու չորը խառնելու» միանգամայն բնական ձգտմամբ: Ինչ էլ ասեն հիշյալ գործիչները, ինչպիսի առողջ, բանական առաջարկներ էլ անեն, նրանց մրցակիցների և քաղաքացիների ճնշող մեծամասնության արձագանքը կլինի «ժողովրդին քի՞չ եք թալանել, էլի՞ եք ուզում» հռետորական հարցը: Պաշտպանվել այդ հարցից բանական փաստարկներով անիմաստ զբաղմունք է: Արդարացումները, թե «մենք չենք թալանել, իսկ թալանողները շարունակում են բարգավաճել», նույնպես ոչ ոք չի լսի: Հետևաբար, եթե ՀՀԿ-ում դեռևս որոշում չի կայացվել, ապա թե՛ իրենց և թե՛ պետության շահերից կբխեր ընդհանրապես ընտրություններին չմասնակցելը և առնվազն մեկ տարի դադար վերցնելը: Բայց ի՞նչ իմանաս՝ գուցե նրանք այլ հաշվարկներ ունեն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր