2585 դիտում
11:37 24-10-2018
Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց ամբողջական իշխանափոխություն դեռևս տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից խոսեց Հայաստանում վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների խորքային իմաստի և քաղաքական նշանակության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ առաջին հերթին ցանկանում է անդրադառնալ հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ էր Հայաստանում տեղի ունեցածը՝ հեղափոխությո՞ւն, թե՞ պարզապես իշխանափոխություն: «Ինձ համար միանշանակ է և աներկբա, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, հատկապես հեղափոխություն, որովհետև տեղի է ունեցել հասարակության ֆորմացիայի իրական փոփոխություն, իսկ այդ փոփոխության իմաստն այն է, որ մինչև 2018թ. ապրիլը Հայաստանում դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ ուժը հանդիսանում էր քրեական, տնտեսական և քաղաքական էլիտան, որին պատկանում էր ողջ իշխանությունը: Իսկ հեղափոխությունից հետո Հայաստանի դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ քաղաքական ուժը հանդիսանում է ժողովուրդը, որը կարողացավ այդ քաղաքական և տնտեսական էլիտային պարտադրել, որպեսզի իր նախընտրած թեկնածուինն ընտրեն Հայաստանի Հանրապետության վարչապետ և ճանաչեն ժողովրդի իշխանությունը»,- ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ այս թեման հրատապ է այնքանով, որ կան քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ, ովքեր հայտարարում են և պնդում, թե Հայաստանում ընդամենը իշխանափոխություն է տեղի ունեցել և ոչ թե հեղափոխություն: «Ճշմարտությունը իրականում հակառակն է. Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն տեղի է ունեցել, սակայն իշխանափոխություն դեռևս տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ ամբողջական իշխանափոխություն: Այո, Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն, Հայաստանում հաստատված է ժողովրդի կառավարություն, բայց ժողովուրդը և ժողովրդական կառավարությունը դեռևս չունեն իրենց գաղափարներն ու իդեալները լիարժեքորեն կյանքի կոչելու գործիքը, որովհետև պետական կառավարման համակարգը, եթե ոչ ամբողջությամբ, առնվազն մի հսկայական մասով ոչ միայն գործում է հին տրամաբանությամբ և սովորույթներով, այլ հին համակարգի վերադարձի թաքուն հույսը սրտի մեջ պահած»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց, որ 2018թ. մայիսից, երբ ինքն ընտրվեց վարչապետի պաշտոնում, Հայաստանում տասնյակ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել չարաշահումների, կաշառքների, յուրացումների մեղադրանքով: Ես տվյալ պահին նկատի չունեմ այն գործերը, որոնք հարուցվել են մայիսի 8-ից կամ ապրիլ-մայիսից առաջ տեղի ունեցած դեպքեի կապակցությամբ: Ես խոսում եմ այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից, իմ՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո: Ինձ համար երկար ժամանակ հասկանալի չէր, թե ինչպե՞ս կարելի է ապրիլ-մայիսից հետո Հայաստանի Հանրապետությունում որևէ պաշտոնյայի մտքով անցնի կաշառք վերցնել, յուրացումներ անել: Ընդ որում, հեղափոխությունից ամիսներ, շաբաթներ, նույնիսկ օրեր անց: Այսինքն, պատկերացնո՞ւմ եք Հայաստանում այդպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, բոլորի աչքերի առաջ, հրապարակային, և Հայաստանում կա պաշտոնյա, ով կաշառք է պահանջում և վերցնում, Հայաստանում կա պաշտոնյա, ով իրեն յուրացում է թույլ տալիս: Պատասխանը մեկն է, որևէ այլ տրամաբանություն չի կարող լինել: Կոնկրետ այս դահլիճից և նախկին խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժից հեղափոխության հաղթանակի հաջորդ իսկ պահից հին համակարգին ազդակներ են փոխանցվել և փոխանցվում, թե այս ամենը մի քանի ամսվա հեռանկար ունի, թե այս արմենը շուտով հետ է պտտվելու և հին համակարգը կրկին գործելու է: Այսինքն, այդ մարդիկ, ովքեր շարունակում են գործել հին տրամաբանությամբ, նրանք պետք է ներշնչանքի աղբյուր ունենան: Եվ, հետևաբար, ներշնչանքի աղբյուրը նախկին խորհրդարանական մեծամասնությունն է և հին համակարգը: Ընդ որում, այդ ներշնչանքը եղել է ոչ միայն ներքին խողովակներով, այլև հրապարակային: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հրապարակային հայտարարել են, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախադրյալներ չկան, թե Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2022թ.»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ այդ ամենը արվել է երկար տարիներ Հայաստանում գործած պետական կոռումպացված համակարգը կոնսոլիդացված պահելու, Հայաստանում հաստատված մթնոլորտը նյարդային դարձնելու, տնտեսական և ներդրումային միջավայրը հնարավորինս խաթարելու, գործող կառավարության համար հնարավորինս խոչընդոտներ ստեղծելու և ռևանշի հասնելու հարմար պահի սպասելու համար:
Նրա խոսքով՝ մինչև հոկտեմբերի 23-ը ռևանշի հասնելու իրական փորձ է եղել: «Առաջինը Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը, սակայն, ձախողվեց հիմնական քաղաքական գործոնի՝ ժողովրդի միանշանակ և հուժկու մերժման պատճառով: Երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցածն էր, երբ խորհրդարանական մեծամասնության ձեռամբ այնպիսի փոփոխություններ էին իրականացվում Ազգային ժողովի կանոնակարգում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի ընթացիկ քաղաքական գործընթացների համատեքստում: Բայց ընդամենը 2 ժամվա ընթացքում շուրջ 80 հազար Հայաստանի քաղաքացիներ շրջափակեցին Ազգային ժողովի շենքը և ցույց տվեցին, որ ժողովրդի քաղաքական գործոնը բացառելու բոլոր փորձերը կարժանան ժողովրդական ընդարձակ դիմադրության: Ռևանշի հասնելու երրորդ քայլն այս երկուշաբթի Ազգային ժողովում տեղի ունեցածն էր, երբ Հանրապետական կուսակցությունը բոյկոտեց և տապալեց Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Սա արվում է նրա համար, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և նրանց հետ ասոցացվող ուժերի և անձանց մոտ հանկարծ հույս ծագեց, թե ռեյտինգային ընտրակարգը կարող է նրանց շանս տալ առաջիկա ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով հասնել ռևանշի»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
20:54 04-10-2023
Եթե ժողովուրդը որոշի՝ այսօր երեկոյան էլ կարող է իշխանափոխություն անի․ Նիկոլ Փաշինյան
2566 դիտում
14:51 14-11-2019
Ես կհամարեմ, որ հեղափոխություն է տեղի ունեցել, եթե Հայաստանն ազատենք ժանգոտ մեքենաների կուզովներից․ Փաշինյան
Այս բաժնից
964 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր