211652_close_icon
views-count3616 դիտում article-date 21:50 31-10-2018

ՀՀ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Գլոբալ ինովացիոն ֆորումին»

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍԹ) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորումի» շրջանակներում այսօր կայացել է պանելային քննարկում, որի մասնակիցներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՖԱՍԹ հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Զելչկո Տեկիցը, ստարտափների հիմնադիրներ Թաթուլ Աջամյանն ու Հռիփսիմե Մաթևոսյանը: Քննարկումը վարում էր «ՖԱՍԹ» հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը: Թեման՝ ուղեցույց սկսնակ ստարտափերների համար, թե ինչպես ընտրել «ճիշտ» վենչուրային ներդրող, որպեսզի կառուցեն փոխշահավետ հարաբերություններ: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանում այսօր ստարտափների զարգացման համար էկոհամակարգը լիարժեք ձևավորված չէ, բայց կան ֆոնդեր, ներդրողներ, գրանտային ծրագրեր, որոնք բավական արդյունավետ աշխատում են նաև կառավարության հետ համագործակցությամբ: Հակոբ Արշակյանի խոսքով՝ կառավարության նպատակն այս գործընթացներն ուղղորդելն ու համակարգելն է օգտագործել սփյուռքի ու տեղացի գործարարների ռեսուրսը, ստեղծել խոշոր վենչուրային ֆոնդ, որը վստահություն կներշնչի նոր ներդրողներին ավելի մեծ գումարներ դնել այս շուկայում: Նրա խոսքով՝ կառավարության դերը ձեռներեց-ներդրող փոխհարաբերությունների մեջ պիտի լինի այն, որ պետական մակարդակում խրախուսվի ներդրումը հենց տեխնոլոգիական ոլորտում, նորարարական գաղափարների մեջ. դա պիտի լինի քաղաքական որոշում: «Աշխարհում շատ գումարներ կան, գումար հայթայթելը գաղափարն իրագործելու համար դժվար չէ, բայց երբ խոսք է գնում խոշոր գումարների մասին, հայաստանյան ստարտափները ստիպված են դուրս գնալ, որովհետև խոշոր ֆոնդեր մեր երկրում չկան: Այս խնդրի լուծումը ևս մեր նպատակներից է: Կառավարությունը պիտի հարթակ ստեղծի համագործակցության համար, նվազեցնի ներդրողների ռիսկերը»,- մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը: Քննարկման ընթացքում բանախոսները կարևորեցին նաև ներդրող-ձեռներեց փոխըմբռնման ասպեկտը: Ներդրողի համար, ըստ Նուբար Աֆեյանի, պետք է ընկալելի լինի ձեռներեցի մշակույթը, նրանց բիզնես նպատակները պիտի համընկնեն: Նրա խոսքով՝ պետք է ընտրել թրենդային ոլորտներ, հստակ ուղղություններ և աշխատել այդ ուղղությամբ: Օրինակ բերելով արհեստական ինտելեկտի զարգացման ուղղությունը՝ Նուբար Աֆեյանը նշեց, որ երբ ստեղծվի արժեք, ֆոնդերը կհայթայթվեն: Հակոբ Արշակյանը կարևորեց նաև միջազգային ընկերությունների ներկայությունը Հայաստանում, որովհետև հաճախ հենց այդ ընկերությունների աշխատակիցները դառնում են ձեռներեցներ, որովհետև այդ ընկերությունների բերած կորպորատիվ մշակույթի կրողներն են:

Նմանատիպ նյութեր