2040 դիտում
19:25 08-11-2018
Հայաստանի կայուն եւ թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիային միացան մեկ տասնյակից ավելի նոր ՔՀԿ-ներ
Նոյեմբերի 8-ին, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Արգիշտի» նիստերի սրահում տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի շրջանակներում ձևավորված կոալիցիայի նիստը:
Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիայի հիմնադիր ՔՀԿ-ներից բացի նիստին մասնակցում էին կոալիցիային անդամակցության հայտ ներակայացրած ավելի քան մեկ տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը։
Նա իր ողջույնի խոսքում կարևորեց ծրագրում ներգրավված Հայաստանում կայուն թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիայի ստեղծումը։ «Որքան էլ ոլորտի պրոֆեսիոնալները լինեն և փորձագիտական մեծ ներուժ հավաքված լինի մեկ կազմակերպությունում, մեկ է այդ ջանքերը քիչ են նրա համեմատ, երբ դա կատարվում է ոլորտի բոլոր դերակատարների հետ միասին։ Դրա փորձը մենք ունեցել ենք տարիներ առաջ, երբ կրկին Եվրամիության կողմից ֆինանսավորված մեկ այլ՝ հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում մենք նախաձեռնեցինք ինստիտուցիոնալ մի քանի ռեֆորմներ իրականացնել երկրում, դրանց թվում՝ ապօրինի հարստացման քրեականացում, ազդարարաների իրավունքների պաշտպանություն։ Մենք ունեինք փորձագիտական ներուժը, բայց դա չէինք կարող իրականացնել, եթե մեր թիկունքին չկանգնեին այն հասարակական կազմակերպությունները, որոնք ունեին նույն արժեքները։ Այդպես էլ ծնվեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որն այժմ ակտիվ դերակատար է դարձել»,-ընդգծեց Կարեն Զադոյանը:
«Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ տնօրեն, Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի հիմնադիր անդամ Աստղինե Պասոյանը նշեց․ «Տարիներ շարունակ, էներգետիկայի ոլորտում, երբ մեզ ասում էին նախարարությանը ընդդիմանալ, դեբատներ, կոնֆլիկտ, հակակարծություն ունենալ՝ ասում էինք, որ եթե կարողանում ես ունենալ մասնագիտական պատրաստվածություն, իրենք էլ իրենց ոլորտի տիրապետողն են լինում, ապա երբ մի կողմ ես դնում տարակարծությունը՝ կարող ես ունենալ հենց կառուցողական երկխոսությունը։ Տարածաշրջանում, երբ շատ անգամներ հարցնում են, թե ինչու՞ է այսքան առաջ անցել էներգետիկայի ոլորտում, մենք պատասխանում ենք, որ մենք չենք հակադարձում, մենք մեր իշխանությունների հետ այս ոլորտում ունենք կառուցողական երկխոսություն»:
Աստղինե Պասոյանը և ԷԽԱՀ Կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը ներկայացրեցին կոալիցիայի նպատակները, ծրագրերը, դրանց շրջանակներում իրականացվելիք գործողություններից ակնկալվող արդյունքներն ըստ կոալիցիոն Հռչակագրի և Կանոնակարգի, պատասխանեցին նիստի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Նրանք նշեցին, որ կոալիցիայի հիմնական նպատակն է կայուն էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտում հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման, ՏԻՄ-երի էներգարդյունավետության նախաձեռնությունների մշտադիտարկման և բարելավման մեխանիզմների ու կարողությունների զարգացումը և հանրային մասնակցության ապահովումը՝ կարևորելով համայնքային գործընթացներում այս խնդիրների լուծման թափանցիկությունը և կին մասնագետների ներգրավվածության բարձրացումը։
էներգաարդյունավետության, կայուն էներգետիկայի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում համայնքային գործունեության վերահսկողության և մշտադիտարկման գործում կանանց մասնակցության ակտիվացման նպատակով, ըստ բանախոսների, կոալիցիան ծրագրի շրջանակներում նախատեսում է ներգրավել հանրային գործընթացներում կանանց մասնակցությունը կարևորող ՔՀԿ-ների և/կամ կին փորձագետների:
Ընդգծվեց նաև, որ կոալիցիայի հիմնադիր անդամների ջանքերով նոր անդամների համար կիրականացվեն վերապատրաստման և կարողությունների հզորացման ուսուցողական ծրագրեր, կստեղծվի կին փորձագետների տվյալների բազա` հետագա երկարատև համագործակցություն զարգացնելու նպատակով: Ծրագրի ընդլայնված շահառուների շրջանակը կազմում են Երևան, Արթիկ, Ապարան, Ախթալա, Ալավերդի, Գավառ, Գորիս, Հրազդան, Իջևան, Կապան, Քասախ, Մասիս, Փարաքար, Սպիտակ, Տաշիր, Ծաղկաձոր, Վանաձոր և Վայք համայնքները:
Կոալիցիայի հիմնադիր խումբը ներկայումս զուգահեռաբար զգալի աշխատանք է իրականացնում՝ ներգրավելու դրամաշնորհային լրացուցիչ միջոցներ համատեղ ծրագրեր իրականացնելու համար, որպեսզի ստացած գիտելիքների միջոցով Կոալիցիան համապատասխան համայնքներում իրականացնի երկարատև մշտադիտարկում՝ օգտագործելով հաշվետվողական և մշտադիտարկման առցանց հարթակ, ոլորտի հարցերով ծավալի քաղաքական երկխոսություն, ապահովի համայնքային իշխանությունների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Տեղի ունեցած քննարկման արդյունքում կոալիցիային անդամակցած նոր ՔՀԿ-ները միացան կոալիցիայի հռչակագրին և պատրաստակամություն հայտնեցին իրենց կազմակերպությունների ներուժը ծառայեցնել կոալիցիոն նպատակների իրականացմանը:
Այնուհետև տեղի ունեցավ կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրություն, ձևավորվեց խորհուրդը, որի գործունեության շրջանակները կարգավորվում են Կոալիցիայի կանոնակարգով:
Նիստից հետո կոալիցիային անդամակցած նոր ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար անցկացվեց կին մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթաց` համայնքների կայուն էներգետիկ գործողությունների ծրագրերի մոնտիթորինգին աջակցելու նպատակով: Կոալիցիայի հիմնադիր անդամների կողմից ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում ԿԷԶԿԳ Ծրագրերի մշակման ուղեցույցը, ինչպես նաև մոնիթորինգի իրականացման գործընթացը։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
[b]Աստղիկ Կարապետյան
Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
655 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
691 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են