16376 դիտում
20:29 20-11-2018
Խորհուրդ եմ տալիս դատախազությանը գոնե մեկ անգամ հստակ կերպով ուսումնասիրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Հ.Շ.-ին ձերբակալելու դեմ ներկայացված բողոքը բավարարելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումները
Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ, քիչ առաջ «[color=#EF2929]news.am[/color]» լրատվական կայքում ծանոթացա «Դատախազը բողոքարկել է բռնաբարության փորձի մեջ մեղադրվող գյումրեցուն գրավով ազատ արձակելու որոշումը» վերտառությամբ հոդվածին, որտեղ դատախազությունը ապատեղեկատվություն է տարածել տվյալ գործով, մասնավորապես.
Դատախազությունը հայտնել է, որ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու պարագայում մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնել կամ կեղծել, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալ կամ այլ ճանապարհով և խուսափել քրեական պատասխանատվությունից:
Նշվածի կապակցութկամբ ինձ թվում է, թե դատախազությունը ոչ թե փորձել է անդրադառնալ սույն գործի փաստական հանգամանքներին, այլ պատասխանել է լրագրողի այն հարցին, թե որոնք են ՀՀ քրեական դատավարության 135-րդ հոդվածով նախատեսված անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը, քանի որ դատախազությունն ուղղակի շարադրել է օրենսդրությամբ նախատեսված հիմքերը՝ առանց քրեական գործի նյութերին՝ մասնավորապես Հ.Շ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշմանը ծանոթանալու:
Խորհուրդ եմ տալիս դատախազությանը գոնե մեկ անգամ հստակ կերպով ուսումնասիրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Հ.Շ.-ին ձերբակալելու դեմ ներկայացված բողոքը բավարարելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումները, քանի որ դրանցում դատարանը, ելնելով գործի փաստական հանգամանքներից, բացառել է Հ.Շ.-ի կողմից վարույթն իրականացնող մարմնի կողմից թաքնվելու վտանգը:
Կարծում եմ, որ դատախազությունը, որտեղ բնականաբար աշխատում են պրոֆեսիոնալ իրավաբաններ, պետք է հստակ գիտակցի, որ իմ կողմից Հ.Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու միջնորդությունը կարող էր մերժել միայն կալանքի այն հիմքին անդրադառնալով, որը հավաստի է համարել դատարանը, իսկ սույն դեպքում Հ.Շ.-ին կալանքի տակ պահելու միակ հիմքը եղել է այն, որ պետք է հարցաքննվեն իմ կողմից հարցման ենթարկված անձինք, ովքեր կալանավորումից 2 օր անց ընդհանուր 2-3 ժամվա ընթացքում հարցաքննվել են:
Դատախազությունը այս հիմքի հետ կապված համապատասխան պարզաբանումներ տալու փոխարեն, իմ միջնորդության մերժման հիմքում դրել է այնպիսի հիմքեր, որոնք թեև քննիչը ներկայացրել է իր միջնորդության մեջ, սակայն դատարանը դրանք հիմնավոր չի համարել և Հ.Շ.-ին կալանավորելու հիմքում չի դրել, հետևաբար դատախազությունը ինքնուրույն չի կարող որոշել անձին կալանքի տակ պահելու այլ հիմքեր և եթե համաձայն չէր դատարանի որոշման հետ, ապա պետք է բողոքարկել Հ.Շ.-ին կալանավորելու մասին որոշումը հիմքերի հետ կապված, սակայն դատախազությունը չի բողոքարկել որոշումը և այժմ, դատելով վերոգրյալից, վստահ եմ, որ չի էլ ուսումնասիրել դատարանի որոշումը, այլապես նման անհիմն տեղեկատվություն չէր հրապարակի:
Էդգար Թումասյան