211652_close_icon
views-count998 դիտում article-date 18:22 27-11-2018

Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ խաղաղության, անվտանգության, կայունության եւ տարածաշրջանում տնտեսական գործընկերության զարգացմանը. Արա Բաբլոյան

[b]Արա Բաբլոյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի բացման արարողության ժամանակ[/b] «Հարգելի գործընկերներ, Վեհաժողովի անդամներ, դիտորդներ եւ հյուրեր, ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի նախագահության անունից ողջունում եմ ձեզ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստում: Ուրախալի է, որ ՍԾՏՀ ԽՎ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչները ժամանել են Երեւան: Չնայած նախընտրական գործընթացներին, մենք՝ որպես նախագահող երկիր, կարեւորում ենք ՍԾՏՀ-ի հետեւողական եւ անխափան գործունեությունը եւ հենց այդ հիմքով է, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ մենք լիագումար նստաշրջան ենք անցկացնում: Համոզված եմ, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանն ակտիվորեն ներգրավված կլինի միջազգային գործունեության մեջ՝ հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության տարեցտարի աճող դերը: Հարգելի գործընկերներ, Սեւծովյան տարածաշրջանի երկրները, որոնք հարուստ պատմական ժառանգության, բազմամշակութայնության եւ լուրջ տնտեսական ներուժի բնութագրմամբ 25 տարի առաջ ստեղծել են այս եզակի կազմակերպությունը, որը կոչված է միավորելու անդամ պետությունների ջանքերը՝ ուղղված աշխարհագրական հարեւանության առավելությունների վրա հիմնված տնտեսական փոխգործակցության զարգացմանը: Այսօր Սեւծովյան տարածաշրջանն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառում փոխգործակցության կարեւորագույն հանգույց է, 350 միլիոն բնակչությամբ դինամիկ աճող շուկա, որը, անկասկած, գրավիչ է գլոբալ տնտեսական գործընթացների համար: ՍԾՏՀ-ի ձեւավորման գործընթացի առանցքային փուլը խորհրդարանական բաղադրիչի ստեղծումն էր, որը տարիների ընթացքում ապացուցել է, որ հանդիսանում է կազմակերպության անբաժանելի եւ անփոխարինելի մասը: Հարգելի գործընկերներ, կասկած չկա, որ տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունները խոչընդոտ են հանդիսանում առանձին երկրների եւ երկրների խմբերի միջեւ տնտեսական փոխգործակցության խորացման համար: Տնտեսական ինտեգրման զարգացումը, տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի ամրապնդումը կարող է լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու եւ կայունության ամրապնդման համար: Ես խորապես համոզված եմ, որ ժամանակակից իրողություններում չպետք է մոռանալ, որ ամենադժվար խնդիրների մեծ մասը հնարավոր է լուծել ազնիվ, անկեղծ եւ անկողմնակալ երկխոսության զարգացմամբ: Միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանական դիվանագիտությունը դրա կայացման համար անփոխարինելի գործիքներ են: Հարգելի գործընկերներ, ՍԾՏՀ ԽՎ-ի դերն էապես մեծանում է, քանի որ միջազգային հարաբերություններում տնտեսությունն առանցքային գործոն է եւ հաճախ հենց տնտեսական հարաբերություններն են ստեղծում նպաստավոր պայմաններ արդյունավետ քաղաքական օրակարգի ձեւավորման համար, որը նպաստում է վիճելի հարցերի կարգավորմանը եւ սահմանափակում առճակատման հեռանկարները: Առաջադրանքների եւ հեռանկարների ընդհանրությունը միավորում է մեզ՝ կոչ անելով համերաշխության եւ համագործակցության՝ ողջ տարածաշրջանում ժողովրդավարության եւ հիմնարար արժեքների ամրապնդման նպատակով: ՍԾՏՀ ԽՎ-ի առանձնահատկությունն այն է, որ տարածաշրջանում բացառապես տնտեսական բնույթ ունեցող միակ խորհրդարանական կազմակերպությունն է: ՍԾՏՀ ԽՎ-ն երկխոսության եւ համագործակցության դինամիկ ժողովրդավարական ֆորում է, ինչպես նաեւ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ հաղորդակցության կարեւոր ուղի՝ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով: Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ խաղաղության, անվտանգության, կայունության եւ տարածաշրջանում տնտեսական գործընկերության զարգացմանը: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար մենք կոչ ենք անում ՍԾՏՀ ԽՎ բոլոր անդամներին շարունակել այս ուղղությամբ համատեղ գործողությունները: ՍԾՏՀ ԽՎ-ն կարիք ունի խորացնելու ստեղծագործական մտածողությունը, որը մերժում է թշնամանքի դրսեւորումը եւ բաժանարար գծերի քաղաքականությունը: Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմամբ, դրանով հանդերձ մենք չենք դադարում կրկնել, որ ՍԾՏՀ ԽՎ-ի ստեղծման հիմնական գաղափարը եւ գերակայությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումն է: Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այս գաղափարին եւ պնդում, որ ՍԾՏՀ-ի նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը` խուսափելով ավելորդ քաղաքականացումից: Հարգելի գործընկերներ, ինձ համար հաճելի է, որ Հայաստանն անցկացնում է հանդիպում, որտեղ հիմնական հարցն է «Խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում»: Այս թեման ընդգծում է այն դերը, որոնք խորհրդարանները՝ որպես ներկայացուցչական, օրենսդրական եւ վերահսկող գործառույթներ իրականացնող մարմիններ, խաղում են տնտեսական բարեփոխումների իրականացման գործում: Հայաստանը հետագայում եւս պատրաստ է շարունակել կառուցողական ներդրում ունենալ ՍԾՏՀ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը` նպաստելով կառույցի ամրապնդմանը եւ առաջադրելով տարածաշրջանային ու գլոբալ ինտեգրացիոն նոր նախագծեր եւ նախաձեռնություններ: Հարգելի գործընկերներ, հուսով եմ, որ հայկական պատվիրակության կատարած աշխատանքի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահության շնորհիվ մեր կազմակերպությունն այսօր դարձել է ավելի լավ եւ արդյունավետ: Մենք այդ նպատակին շատ ենք ձգտել: Հարգելի մասնակիցներ, մաղթում եմ հաջող աշխատանք եւ հաճելի այցելություն մեր երկիր: Համոզված եմ, որ այսօրվա նստաշրջանը կլինի եւս մեկ քայլ մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ: ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը հայտարարում եմ բացված»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նմանատիպ նյութեր