211652_close_icon
views-count1444 դիտում article-date 14:30 28-11-2018

Արման Թաթոյանը խնդիրներ է տեսնում քրեակատարողական և պայմանական վաղաժամկետ ազատման համակարգերում

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովում իր ելույթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ խնդիրներ է տեսնում՝ կապված ՀՀ քրեակատարողական և պայմանական վաղաժամկետ ազատման համակարգերում, ինչպես նաև հոգեբուժարաններում հարկադիր և սեփական կամքով բուժում ստանալու հետ: Ա. Թաթոյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ միջազգային ասպարեզում իրենց կատարած աշխատանքի շնորհիվ բարձր ձեռքբերումներ են եղել: «Մի քանի գործերով մենք հանդիսացել ենք երրորդ կողմ և միջամտել ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Մենք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին ներկայացնում ենք հատուկ դիրքորոշումներ, որոնք մեր գնահատականներն են, օրինակ՝ արդյոք երկիրը կատարո՞ւմ է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները: Ներկայացրել ենք զինծառայողների իրավունքների հատուկ դիրքորոշում, խոշտանգումների կանխարգելման և մի շարք այլ գործերով: Դրանից բացի, Եվրոպայի խորհրդի կողմից մեր փորձն առաջարկվել է Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի մի քանի երկրների, որոնք այժմ այն ուսումնասիրում են ներդնելու համար»,- ասաց Թաթոյանը: Նրա խոսքով՝ ոլորտում դեռ շատ խնդիրներ կան, օրինակ՝ քրեակատարողական համակարգում, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում պետք է լինի բարձր արդյունավետություն: «Գլխավոր խնդիրներից մեկը ես համարում եմ մարդուն ազատ արձակման նախապատրաստման մեխանիզմի արդյունավետ աշխատանքը: Վերջերս Կառավարությունը հաստատեց Արդարադատության նախարարության հետ համատեղ մեր մշակած փաթեթը, որն ուղղված է այս համակարգի կատարելագործմանը: Պայմանական վաղաժամկետ ազատման ոլորտին այս տարիների ընթացքում չի ցուցաբերվել համապատասխան և բավարար ուշադրություն»,- շեշտեց ՀՀ ՄԻՊ-ը: Խնդիրներից նա առանձնացրեց նաև հոգեբուժարաններում հարկադիր և սեփական կամքով բուժում ստանալու հետ կապված խնդիրները: Թաթոյանն ընդգծեց, որ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Նմանատիպ նյութեր