1350 դիտում
19:20 04-12-2018
Երևանում անցկացվող Աղետների ռիսկի նվազեցման համագործակցության ALTER ծրագրի մասնակիցները այցելել են Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դեկտեմբերի 3-ից 5-ը Երևանում անցկացվող Աղետների ռիսկի նվազեցման համագործակցության (ALTER) ծրագրի մասնակիցների հանդիպման շրջանակներում այսօր ծրագրի ներկայացուցիչները այցելեցին Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հյուրերը, մասնավորապես, այցելեցին ԱԻՆ Ճնգաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ մանրամասն ծանոթացան կենտրոնի գործունեությանը: Հյուրերի հետաքրքրող հարցերին տրվեցին սպառիչ և բովանդակային պատասխաններ:
Այնուհետև ԱԻ նախարարության նիստերի դահլիճում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանի գլխավորությամբ կայացավ ծրագրի և ԱԻՆ ստորաբաժանումների ներկայացուցիչների ընդլայնված հանդիպումը: Արկադի Բալյանը, ողջունելով ներկաներին, առանձնահատուկ ընդգծեց, որ ռիսկերի նվազեցման գլխավոր գրավականը հենց միջազգային բեղուն համագործակցությունն է: Իր հերթին Կիպրոսի եվրոպական համալսարանի գիտաշխատող, քաղաքացիական պաշտպանության փորձագետ Եվանգելոս Կատսարոսը նշեց, որ խիստ տպավորված է տեսածով, ընգծելով, որ Հայաստանը՝ աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման գործում առաջատար դիրքում է և հստակ զարգանում է նախանշված ուղով:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանը, Աթենքի գեոդինամիկայի ինստիտուտի տնօրեն, ALTER ծրագրի համակարգող Ջորջ Դրակատոսը, Կիպրոսի եվրոպական համալսարանի գիտաշխատող, քաղաքացիական պաշտպանության փորձագետ Եվանգելոս Կատսարոսը, Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի գիտաշխատող Շոն Ռեյնոլդսը, ինչպես նաև այլ բանախոսներ պատասխանեցին ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
«Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել աղետների նկատմամբ Հայաստանի համայնքների դիմակայունությունը պետություն-մասնավոր գործընկերության ձևավորման, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման պլանավորման և իրականացման ժամանակակից գործընթացների և Եվրոպական միության երկրների փորձի ու լավագույն գործելակերպի փոխառման և տեղայնացման միջոցով»,- նշեց Արա Բարսեղյանը:
Վերջինս նաև կարևորեց այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում օրենսդրական մակարդակում առկա այնպիսի խնդիրների կարգավորման ուղղությամբ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ այս բնագավառում պետություն-մասնավոր համագործակցության համար:
Եվանգելոս Կատսարոսը իր հերթին նշեց, որ ALTER ծրագրի շրջանակներում համագործակցելու են և՛ կառավարության հետ՝ ի դեմս ԱԻ նախարարության, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների, և՛ մասնավոր կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավոր լինի լիարժեք հասնել ծրագրով հետապնդվող նպատակների իրականացմանը:
Նշենք նաև, որ Հայաստանում Եվրամիության «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» ծրագիրն իրականացվում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Կիպրոսի Եվրոպական համալսարանի, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտական կենտրոնի ու Աթենքի ազգային աստղադիտարանի համագործակցությամբ:
Նմանատիպ նյութեր
1647 դիտում
16:36 13-10-2022
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձը՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»