211652_close_icon
views-count1087 դիտում article-date 15:14 21-12-2018

ՄԻՊ-ը ներկայացրել է փախստականների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման վերաբերյալ զեկույցը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասեյակի (ՄԱԿ ՓԳՀ) հետ համատեղ այսօր ներկայացրեց ՀՀ-ում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ արտահերթ զեկույցը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից: «Միգրացիոն ծառայության հետ ավանդաբար կայուն համագործակցություն ունենք, որ շարունակվում է այսօր, և ուրախ ենք, որ մեր գրասենյակը նպաստում է ոլորտում առկա խնդիրների լուծմանը, որոնք ընդամենը գործնական բնույթի հարցեր են կամ օրենսդրական առաջարկներ»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով նաև, որ որոշ գործընթացներ էլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առաջարկների վրա են աշխատել։ «Նոր գործադիրի հետ նոր եռանդով կաշխատենք փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,-ասաց Արման Թաթոյանը։ «Ուրախ ենք այն դրական փոփոխությունների համար, որ օրենսդրական դաշտում գրանցվել են ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության հարցում»,-ասաց ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը` նշելով, որ կան նաև հարցեր, որոնք էլ ավելի բարելավելու կարիք կա։ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդգծեց ՄԻՊ-ի կարևոր ու կառուցողական դերը ոլորոտում և հիշեցրեց, որ բոլորովին վերջերս ՀՀ-ը միացել է միգրացիայի ու փախստականների առնչությամբ երկու համաշխարհային մարաքեշյան հռչակագրերին, որոնցով ևս փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը գերակա է սահմանված։ «Բարձր ենք գնահատում Ձեր կարևոր նկատառումները՝ ցանկանալով շեշտադրել, որ պրակտիկ հողի վրա դրանց իրականացումն ունի իր առանձնահատկությունները»,-նկատեց նա՝ հույս հատնելով, որ դա հաշվի կառնվի քննարկումներ ընթացքում։ ՄԻՊ-ՄԱԿ ՓԳՀ համագործակցության շրջանակում աբցի արտահերթ հրապարակային զեկույցից իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ հանդիպումներ ուսանողների հետ, այցեր սահմանային անցակետեր, հատուկ տեղեկատվական պաստառների պատրաստումմ, մոնիթորինգային այցելություններ հատուկ կացարան, յոթ տարբեր լեզուներով թռուցիկների տպագրություն և այլն։

Նմանատիպ նյութեր