4143 դիտում
15:22 21-12-2018
Աղբահանության վճարները այսուհետ կհավաքագրեն ոչ թե համատիրությունները, այլ վարչական շրջանների աշխատակազմերը
Աղբահանության վճարների հավաքագրումը համատիրությունների փոխարեն կկատարեն Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, որոշում կայացրեց Երեւանի ավագանին իր արտահերթ նիստում:
Հարցը ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը. Նա նշեց, որ աղբահանության վճարները հաշվառելու, աղբահանության վճար վճարողների գումարը հաշվարկելու եւ այդ գումարը համայնքի բյուջե գանձելու գործառույթն ամբողջությամբ պատվիրակվելու է Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին, որոնք այդ լիազորությունն իրականացնելու են իրենց աշխատակազմերի միջոցով:
Մինչ այս պահը այդ գործառույթն իրականացվում է մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից:
«Այս որոշմամբ, ըստ էության, ակնկալվում է, որ կբարձրանա այդ գումարների գանձման արդյունավետությունը»,- ասաց Զավեն Առաքելյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը հետաքրքրվեց՝ էլեկտրոնային վճարման հարցը դիտարկվո՞ւմ է, որը հնարավորություն կտա խուսափել տարատեսակ կոռուպցիոն ռիսկերից, թերհավաքագրումից, հավելյալ հավաքագրումից:
Հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ասաց, որ գույքահարկի, հողի հարկի, հողի վարձավճարի գանձման գործառույթը եւս նախկինում պատվիրակվել է վարչական շրջանների ղեկավարներին, եւ աղբահանություն վճարողների շրջանակը գրեթե նույնն է:
«Դրա համար այս փուլում կարծում ենք, որ բավարար է աշխատակազմի ներուժը այդ գործառույթը եւս լիարժեք իրականացնելու համար: Իհարկե, պետք է զուգահեռաբար հնարավորինս արագ ստեղծվեն որակյալ հարթակներ, որոնք հարկ վճարողներին հնարավորություն կտան համայնքի բյուջե ավելի հեշտ, ավելի արագ վճարումներ կատարել՝ բացառելով որեւէ կոռուպցիոն ռիսկ: Հիմա այդ գործընթացներն արդեն սկսվել են»,- ընդգծեց Զավեն Առաքելյանը:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հայտարարեց, որ նախագիծը շատ կարեւոր է իրենց խմբակցության համար, քանի որ կա ակնհայտ անվստահություն համատիրությունների նկատմամբ:
«Չհաշված թերհավաքագրումը եւ մնացած ռիսկերը՝ համատիրությունների կողմից հավաքված գումարի շուրջ 10 տոկոսը որպես միջնորդավճար էինք հատկացնում: Այս որոշումը նաեւ մեկ այլ քննարկման հիմք է ստեղծում, եւ դա ըստ փաստացի հաշվառման աղբահանության վճարներն իրականացնելն է: Կան դժգոհություններ, որ գալիս ասում են՝ մենք ապրում ենք ոչ թե 5 հոգով, այլ 3, եւ լինում է նաեւ հակառակը: Մենք պետք է միասին մտածենք, թե ինչպիսի հաշվարկ է պետք դնել աղբահանության վճարների հիմքում»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
Նմանատիպ նյութեր
15250 դիտում
10:02 01-03-2019
Աղբահանության վճարները հուլիսի 1-ից բարձրանալու են նաև բնակչության համար. «Ժամանակ»
2367 դիտում
11:47 02-02-2018
ՄԻՊ-ի և ՍԴ-ի աշխատակազմերը համատեղ մշակել են ՍԴ որոշումների կատարմանն ուղղված օրենքների նախագծեր
Այս բաժնից
511 դիտում
09:17 30-10-2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է
1000 դիտում
23:00 29-10-2024
Կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը
1372 դիտում
22:19 29-10-2024
ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը