1663 դիտում
16:35 21-12-2018
Թափոնները վերամշակող կազմակերպությունները՝ մեկ հարթակում. գործարկվել է բնապահպանական նոր կայք
Առաջին անգամ Հայաստանում քարտեզագրվել են տեսակավորված թափոնների աղբամանները, թափոնները վերամշակող կազմակերպություններն ու դրանք ընդունող կետերը. www.recycling.am կայքի ստեղծման նպատակն է տեղեկացնել հանրությանը Հայաստանում գործող վերամշակող կազմակերպությունների մասին։ Կայքը մեկտեղել է վերամշակման գործընթացին առնչվող հիմնական կոնտակտային տվյալները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին հեշտությամբ գտնել, թե ցանկության դեպքում որտեղ կարելի է հանձնել տեսակավորված աղբն ու սեփական վարքագծով նպաստել ավելի առողջ, ավելի կանաչ միջավայրի ձևավորմանը։
«Թափոնների վերամշակումը շատ կարևոր է, քանի որ աղբը հսկայական բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա։ Աղբավայրերի թափոններից վնասակար քիմիական նյութներն ու ջերմոցային գազերը օդ են արտազատվում, իսկ վերամշակումն օգնում է ոչ միայն նվազեցնել թափոնների պատճառած աղտոտումը, այլ նաև կրճատել հումքի օգտագործումը։ Պլաստիկ նյութերի քայքայման համար, օրինակ, պահանջվում են հարյուրավոր տարիներ: Բացի այդ նոր արտադրանք ստանալու համար պահանջվում է հսկայական էներգիա, մինչդեռ շշերի, թղթի, պլաստիկի կամ այլ տեսակի նյութերի վերամշակման համար ավելի քիչ էներգիա է ծախսվում, և հսկայական օգուտ է տրվում բնությանը՝ պահպանելով բնական ռեսուրսները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)բնապահպանական կրթության ծրագրի համակարգող Արմինե Պողոսյանը՝ հիշեցնելով, որ վերամշակումը նաև լայն բիզնես հնարավորություններ է տալիս, քանի որ թափոններից կարելի է մատչելի ծախսով նոր արտադրանք ստեղծել և իրացնել շուկայում:
Կազմակերպիչները համոզված են, որ անհատների առօրյա սովորություններն ու կենսաձևն անմիջականորեն ազդում են այս գործընթացի վրա, իսկ կայքը կարող է հրաշալի գործիք դառնալ անհատներին ու մարդկանց խմբերին ներգրավելու վերամշակման այս կարևոր գործընթացի մեջ՝ դարձնելով այդ գաղափարի կիրառողն ու տարածողը։
Նորաբաց քարտեզի վրա ներկայում նշագրված են ութ վերամշակող կազմակերպություն և վեց տեսակավորված թափոնների աղբամաններ: Կայքը ստեղծված է «Open Street Map» քաղաքային քարտեզների բաց հարթակի հիման վրա, որը թույլ է տալիս ցանկացած անձի ավելացնել նոր վերամշակման կետ կամ տեսակավորված աղբամանի կետ՝ տվյալ աշխարհագրական կոորդինատային կետով։
Կայքը ստեղծվել է «Կանաչ նախաձեռնություններ» հանրային իրազեկման արշավի շրջանակում՝ որպես ՄԱԶԾ-Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) և ՀՀ բնապահպանության նախարարության «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մաս:
Նմանատիպ նյութեր
2234 դիտում
23:11 11-08-2015
Բնապահպանական աղետ՝ Նյու-Մեքսիկոյում. թունավոր թափոնները լցվել են ջրամբարը
7795 դիտում
13:47 19-05-2017
Գործարկվել է նոր մանկական կայք՝ www.BabyHOME.am
1185 դիտում
11:51 20-04-2022
Միջազգային կազմակերպությունները Հայաստանին կօգնեն դիմակայելու բնապահպանական մարտահրավերներին
Այս բաժնից
934 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
664 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1174 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան