211652_close_icon
views-count4689 դիտում article-date 13:05 21-01-2019

Կիևում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվող Հայկական մշակույթի շաբաթի շրջանակում մի շարք միջոցառումներ նվիրված են Կոմիտասի 150, Սիլվա Կապուտիկյանի 100 և Սերգեյ Փարաջանովի 95-ամյա հոբելյաններին: Այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը: Գրականության, երաժշտության, կինոյի երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած շաբաթն իրականացվում է հունվարի 19-25-ը: Կազմակերպիչների խոսքով`հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան, Ժողովուրդների բարեկամության գրադարաններում և Կինոյի տանը: Միջոցառումների ծրագիրը ներառում է համերգներ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր, գրական և երաժշտական երեկոներ ու կինոդիտումներ՝ նվիրված հայ մշակույթի ակնառու գործիչներին: «ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը պարբերականին հաղորդել է, որ միջոցառումների կազմակերպիչներն են «ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միությունը, Parajanov-ART-ը, Պոդոլսկի շրջանի պետական վարչակազմի մշակույթի, զբոսաշրջության և մշակութային ժառանգության պահպանման բաժինը, Կիևի հրեական համայնքի ստեղծագործական նախաձեռնությունների կենտրոնը: Ավելի վաղ հայտարարվում էր, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատում է ազգային պատմամշակութային արժեքների ճանաչման ուղղությամբ: Կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է՝ մեր ականավոր հայրենակիցների գործերը շարունակում են ուրախացնել արվեստը գնահատողներին:

Նմանատիպ նյութեր