6267 դիտում
20:59 28-01-2019
Մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծագո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար,
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,
Պետական այրեր,
Հոգևոր հայրեր,
Հարգելի հյուրեր,
Հնդկական հազարամյա հանելուկը հարցնում է. ի՞նչն է, որ չես նկատում, քանի դեռ այն չի հեռացել: Պատասխանը հետևյալն է. առողջությունը: Եվ ասացվածքի իմաստն այն է, որ առողջությունդ պետք է պինդ պահես, որովհետև եթե մեկնեց՝ այլևս ետ բերել չես կարող:
Հույս ունեմ չմտածեցիք, թե թղթերը խառնել եմ, և կարդում եմ առողջապահության աշխատողի օրվան նվիրված ելույթի տեքստը: Ի՞նչ կապ ունի ուրեմն այս ասացվածքը Հայոց բանակի 27-րդ տարեդարձի հետ:
Կապն այն է, որ անվտանգությունն առողջության նման է. քանի կա, այն երբեմն ընդունվում է որպես ինքնին հասկանալի և ինքնին ենթադրվող մի ինչ-որ բան: Եվ այսօր՝ բանակի տարեդարձի այս հանդիսավոր օրը, կարծում եմ արժե ևս մեկ անգամ արձանագրել, որ այն անվտանգությունը, որ մենք ունենք՝ երկնքից ընկած խնձոր չէ, այլ մի իրողություն, որ ձեռք է բերվել մեր բյուրավոր ազատամարտիկների, խորհրդային բանակում կարիերան ընդհատած և Հայոց հայրենիքի պաշտպանությանը նվիրված սպաների, նորանկախ պետության առաջին զինվոր ու սպա դարձած առաջամարտիկների կյանքի, առողջության, երբեմն բարեկեցության ու ապագայի գնով: Եվ եթե առողջությունը մեզ բնույթունն է տալիս, մեր անվտանգության, տվյալ դեպքում արտաքին անվտանգության ապահովողը մեր զինված ուժերն են, մեր բանակը:
Ի՞նչ է նշանակում Հայոց բանակ. դա նշանակում է տարվա առնվազն կեսն ընտանիքից ու հարազատներից հեռու, մարտական դիրքերում անքուն գիշերներ անցկացնող՝ ժամկետային, պայմանագրային զինծառայողներ ու սպաներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել հարվածը և ովքեր պատրաստ են ջախջախիչ հակահարված հասցնել՝ կանգ չառնելով ոչնչի, նույնիսկ սեփական կյանքն ու առողջությունը կորցնելու սպառնալիքի առաջ:
Ի՞նչ է Հայոց բանակը. դա մի քանի հազար մետր բարձրության վրա գտնվող՝ ամիսներով թիկունքից կտրված ձյունածածկ լեռնային մարտական դիրքեր են, մյուս կողմից՝ դա հարթավայրային մարտական դիրքեր են, որտեղ ջերմաստիճանը կարող է գերազանցել 50 աստիճանը և զինվորներ, սպաներ, ովքեր երբեք ետ, այսինքն՝ դեպի թիկունք չեն նայում, այլ նայում են առաջ:
Ի՞նչ է Հայոց բանակը. դա հրամանատարական, շտաբային, թիկունքային, հետախուզական ու մատակարարման մի ահռելի աշխատանք է, որը չի կարող դադարել ոչ մի վայրկյան, ինչպես չի կարող դադարել շնչառությունը՝ քնած ես, թե արթուն:
Մեր զինված ուժերը, մեր Ազգային բանակն ահա, մեր երկրի շնչառությունն է, որը չի դադարում ոչ մի վայրկյան՝ անկախ նրանից քնա՞ծ է մեր երկիրը, թե արթուն, և շատ հաճախ մեր բանակի ներկայությունը մեր առօրյա կյանքում, յուրաքանչյուր գյուղի, քաղաքի, յուրաքանչյուր տան մեջ մենք չենք նկատում, ինչպես չենք նկատում մեր շնչառությունը: Եվ այսօր Հայոց փառապանծ բանակի ծննդյան 27-րդ տարեդարձն է, և մենք այսօր այստեղ հավաքվել ենք առաջին հերթին մեր խոնարհումը բերելու մեր բոլոր նահատակներին, մեր բոլոր ազատամարտիկներին, սպաներին, զինվորներին, ում զոհողության վրա է կառուցվել մեր պետությունն է ու անկախությունը, մեր բանակն ու անվտանգությունը, մեր գնահատանքի տուրքը տալու մեր բոլոր զինվորներին, սպաներին և գեներալներին, ովքեր ազնիվ ծառայել են և ծառայում են Հայոց բանակին:
Մենք հավաքվել ենք մեր հարգանքի խոսքը բարձրաձայնելու բոլոր այն ծնողներին ու կանանց, ովքեր անխոնջ կրում են զինվորական զավակ կամ ամուսին ունենալու անհանգիստ հպարտությունը:
Մենք այսօր հավաքվել ենք վերահաստատելու մեր ուխտը մեր նախնիների, մեր հերոսների ու նահատակների, մեր լեգենդար զորահրամանատարների ու զինվորների առաջ. մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի:
Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, փա՛ռք Հայոց հաղթանակած բանակին:
Շնորհավոր Հայոց բանակի 27-րդ տարեդարձը: Շնորհակալ եմ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4153 դիտում
22:55 20-04-2019
Դավիթ Բաբայան. Որևէ մեկից չենք վախենալու, որևէ մեկին չենք քողարկելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
1397 դիտում
11:28 01-09-2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Այս բաժնից
652 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
730 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին