211652_close_icon
views-count2228 դիտում article-date 23:10 29-01-2019

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ համատեղ միջոցառում է կազմակերպել

Հունվարի 25-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնակայնում կազմակերպեց միջոցառում` «Գաղափարներ` հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով: Կայուն զարգացման, նորարարությունների և հումանիտար օրակարգերի համադրմամբ կազմակերպված միջոցառմանը քննարկվեց հանրօգուտ ներդրումների, նորարարությունների և սփյուռքի ներգրավվածությամբ զարգացման համագործակցության ձևաչափերը` կայուն զարգացման նպատակների իրագործման խթանմանն ուղղված լուծումների համատեքստում: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ու ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի նախագահ Ինգա Ռոնդա Քինգը (Inga Rhonda King): Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց Տնտեսական և սոցիալական խորհրդի կարևոր դերկատարությունը ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործընթացի մշտադիտարկման և արդյունքների գնահատման առումով։ Շեշտվեց կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միջև ավելի ընդգրկուն և ներառակաան համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Մհեր Մարգարյանն անդրադարձավ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին և կառավարության ձեռնարկած բարեփոխումների օրակարգին՝ ուղղված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների խրախուսման և հավասար հնարավորություններ ապահովմանը։ Հիշատակվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին անդամակցելու համար 2019թ․ աշնանը կայանալիք ընտրություններին Հայաստանի թեկնածության առաջադրումը։ Ելույթներով հանդես եկան «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ՄԱԶԾ-ի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի ավագ խորհրդատու Պաոլո Գալլին (Paolo Galli), «RVVZ» հիմնադրամի գործընկեր, Բրյուսելի ազատ համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ Պիեռ Գյուրջյանը։ Բանախոսներն անդրադարձան Հայաստանում իրագործվող նորարարական նախաձեռնություններին, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործունեությանը և Հայաստանի ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև համագործակցությանը ։ Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ-երկրների դեսպաններ, դիվանագետներ ՄԱԿ-ի քարտուղարության և տարբեր գործակալությունների պաշտոնյաներ, համայնքային կառույցների և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Միջոցառման՝ ՄԱԿ-ի կողմից ուղիղ եթերով հեռարձակված տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումով https://bit.ly/2HDKo4q

Նմանատիպ նյութեր