68610 դիտում
14:10 31-01-2019
Խոշոր ավտովթար Աշտարակի «գաի պոստի» մոտ. բախվել են Mercedes-ը, Toyota-ն և Газ 2410-ը. Mercedes-ն էլ բախվել է հսկայական քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Աշտարակի գաի պոստի» մոտ, բախվել են Mercedes մակնիշի 89 ՏV 999 համարանիշի, Toyota Camry մակնիշի 35 XT 087 համարանիշի և Газ 2410 մակնիշի 35 ՏQ 693 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և հարևանությամբ գործող «Բարդիներ» հացատան աշխատակիցները, և նրանց հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման արդյունքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Դաշտում է նաև հայտնվել Газ 2410-ը։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վ. Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Արմեն Զաքարյանն ու Նորիկ Թադևոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները չկայանեն ավտոմեքենան ճանապարհին և խցանում տեղի չունենա։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Այս պահին ճշտվում է, թե վթարի փաստով ՃՈ հետաքննի՞չն է զբաղվելու, թե՞ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչը։ Հարցը քննարկվում է մարզի դատախազի հետ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Mercedes-ը վերածվել է մետաղե ջարդոնի։
Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոցներ։
Այս պահին արդեն դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+