211652_close_icon
views-count5717 դիտում article-date 18:11 04-02-2019

Զինծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերելու հիմքով վաղաժամ զորացրված 3 զինծառայողներ առողջությանը հասցված վնասի փոխհատուցում են պահանջում դատարանում

2017թ.-ին զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունների պատճառով զորացրված Գ. Ղ.-ն, Ա. Բ.-ն և Վ. Հ.-ն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել են դատարան՝ ՀՀ-ից պահանջելու իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում: Գ. Ղ.-ն և Վ. Հ.-ն զորացրման համար հիմք հանդիսացած հիվանդությունները ձեռք են բերել պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվելու ընթացքում, իսկ Ա. Բ.-ն՝ պայմանագրային հիմունքներով զինծառայության ընթացքում: Վ. Հ.-ն ՀՀ զինված ուժեր է զորակոչվել 2015թ. հունվարի 29-ին. Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նրան փորձաքննել է ՀՀ ՊՆ 410-Ն հրամանի 7գ հոդվածով (թեթև և կարճատև հոգեկան խանգարումներ) և զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչել, իսկ զորակոչելուց 8 ամիս անց՝ 2015թ. սեպտեմբերի 15-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ «օրգանական ասթենիկ խանգարում դեզադապտացիոն դեկոմպենսացիա չափավոր արտահայտված, ինքնավնասումներով» ախտորոշմամբ զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչել և վաղաժամ զորացրել: Գ. Ղ.-ն զորակոչվել է՝ տեսողության խնդիրներով զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվելով: 2015թ.-ին ՀՀ ՊՆ 410-Ն հրամանի 86դ հոդվածով փորձաքննվելուց և զորակոչվելուց հետո արդեն հաջորդ տարի՝ 2016թ. հունվարի 27-ին, փորձաքննվել է նաև 31բ և 20գ հոդվածներով և զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվել: Պայմանագրային զինծառայող Ա. Բ.-ն 12 տարի՝ 2005-2017թթ. զինվորական ծառայություն անցնելուց հետո, ապա Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2017թ. մայիսի 24-ի որոշմամբ ՀՀ ՊՆ 410-Ն հրամանի 46ա հոդվածով (չարորակ նորագոյացություններ) զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և հանվել զինվորական հաշվառումից: Բոլոր 3 դեպքերում զորացրման հիմքում նշվել է, որ հիվանդությունը ձեռք է բերել զինծառայության ընթացքում: Նրանց ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարան ներկայացված հայցով ՀՀ-ից՝ ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարության, պահանջել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1077 և 1078 հոդվածներով առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել: ՀՀ ֆինանսների նախարարության միջնորդությամբ այս գործերով համապատասխանող է ներգրավվել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը: Պատասխանողներն առարկել են ներկայացված հայցերի դեմ: Պարտադիր ժամկետային զինծառայությունից հիվանդության հիմքով վաղաժամ զորացրված Վ. Հ.-ի ու Գ. Ղ.-ի դեպքում պատասխանողները կարծիք են հայտնել, թե պարտադիր է, որ հիվանդությունն առաջացած լինի զինծառայությանն առնչվող պարտականությունները կատարելիս, իսկ դա, նրանց կարծիքով ապացուցված չէ, հետևաբար հայցերը չպետք է բավարարվեն: Չնայած նրան, որ փորձագիտական եզրակացություններ դեռևս առկա չեն, և զինծառայության հետ պատճառահետևանքային կապը ապացուցված չհամարելը դեռևս վաղ է: Իսկ ահա նախկին պայմանագրային զինծառայող Ա. Բ.-ի գործով, բացի վերը նշվածից, պատասխանողներն առաջ են քաշել նաև այն հանգամանքը, որ Ա. Բ.-ն աշխատել է աշխատանքային գրաֆիկով և վիճելի է՝ հիվանդությունն առաջացել է զինծառայության պայմաններում, թե՝ ոչ: Այս բոլոր գործերով ՀՔԱՎ փաստաբան Ս. Սողոմոնյանն արդեն դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու միջնորդություններ է ներկայացրել: 2018թ. հունիսի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գ. Ղ.-ի գործով փորձաքննություն նշանակելու միջնորդությունը և մինչ փորձագիտական եզրակացության ստանալը կասեցրել է գործի վարույթը: Վ. Հ.-ի և Ա. Բ.-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննարկման փուլում են: [b]Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]

Նմանատիպ նյութեր