211652_close_icon
views-count3351 դիտում article-date 16:39 12-02-2019

Փաշինյանը պարզաբանում է, թե որ դեպքում կբարձրանան աշխատավարձերն ու թոշակները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պատգամավորների հարցերին պատասխանելու ընթացքում նշել է, թե ըստ իրենց ծրագրի որ դեպքում կբարձրանան աշխատավարձերն ու թոշակները: «[url=https://armenpress.am/arm/news/963973.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին վարչապետն այս մասին խոսել է՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: «Այսօր մեր հանրակրթության համակարգում շուրջ 12 հազար հաստիք կա, որոնց կարիքը չկա ընդհանրապես: Այսօր մեր երկրում կան մանկավարժներ, ովքեր ստանում են 25 հազար աշխատավարձ այն դեպքում, երբ բյուջեով սահմանված է, որ աշխատավարձը պետք է լինի 125 հազար դրամ: Սա այն պատճառով է, որ մեկ դրույքի վրա գրանցում են մի քանի հոգու»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ մինչև պետական և հանրային օրգանիզմը չառողջացնեն, այդ խնդիրները չեն կարող լուծվել: «Պետք է գտնենք, թե մեկ դրույքի վրա գրանցված ով է այդ ավելորդ աշխատողը, իրեն պետք է ասենք, որ գնա զբաղվի իր գործով, որպեսզի մանկավարժն էլ իր աշխատավարձով անի իր աշխատանքը: Թոշակների ավելացման համար Կառավարությունն իր բաժինը կանի ստվերի դեմ պայքարելով, բայց, եթե թոշակառուն գնա իր թոշակով շաքարավազ գնի ու կտրոնը չվերցնի, իր թոշակը շատ քիչ է բարձրանալու»,- նշեց վարչապետը: ՀՀ կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին կայացած կառավարության արտահերթ նիստում։ Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը. արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր), պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն), ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր), մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն), տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա), բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում), պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր): Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նմանատիպ նյութեր