1701 դիտում
20:10 22-02-2019
Փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը երկարաժամկետ դիտարկում է իրականացրել Տավուշի և Արմավիրի մարզերում
2019թ փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը «Կանայք տեղական զարգացման գործընթացում ծրագրի շրջանակներում» ՕքսԵՋեն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ երկարաժամկետ դիտարկում է իրականացրել Տավուշի և Արմավիրի մարզերում, որի արդյունքները դեռևս մշակման փուլում են։
2019 թ. փետրվարի 17-ին՝ քվեարկության օրը, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ կազմով, դիտորդական շրջիկ խմբերի միջոցով կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Արմավիրի մարզի 7 և Տավուշի մարզի 4 համայնքներում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում։
Դիտարկվել են համայնքի ղեկավարի 8 և համայնքի ավագանու 4 ընտրություններ, որոնցից 10-ը հերթական էին, 2-ը՝ արտահերթ։ Դաշինքը դիտարկում է իրականացրել նաև ընտրությունները վերահսկող Թիվ 15, Թիվ 16, Թիվ 37 և Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում:
Հնարավոր խնդիրները կանխարգելելու և արձագանքելու նպատակով, ինչպես նաև ընտրողների վարքի և հանձնաժողովների աշխատանքի մասին ամբողջական պատկերացում ստանալու նպատակով դիտորդական խմբերը որոշակի արբերականությամբ այցելում էին տեղամասային կենտրոնները և շրջում համայնքներով։ Առաքելության մեջ ներգրավված էր երկուական դիտորդ Արմավիրի և Տավուշի մարզերում, ինչպես նաև մեկ դիտորդ Արագածոտնի մարզի Օհանավան Համայնքում։
Դիտարկվող համայնքներում ավագանու մանդատի համար պայքարում էին շուրջ 60 թեկնածուներ, որոնցից Իջևանում՝ 32, Գետահովիտում՝ 7, Ջրաշենում՝ 8, Մարգարայում՝ 13, ինքնաբացարկ է ներկայացրել մեկական թեկնածու Իջևանից և Գետահովտից։
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 22 թեկնածուներ, որոնցից Օհանավանում՝ 4, Վարդանաշենում` 2, Հայկավանում` 1, Հովտամեջում` 2, Նոր Արմավիրում` 2, Նալբանդյանում` 5, Ծաղկավանում` 2, Ակնաղբյուրում` 3 թեկնածու, ինքնաբացարկ էին ներկայացրել Ակնաղբյուրի, Նոր Արմավիրի և Հայկավանի մեկական թեկնածու: Վերջինս, ի դեպ, նախկին և վերընտրված գյուղապետ՝ Ռուբեն Ղազարյանի վարորդն է, ում ինքնաբացարկից հետո Ռ. Ղազարյանը մնացել էր միակ թեկնածուն:
Որևէ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնում կին թեկնածու չի առաջադրվել, իսկ ավագանու մանդատի համար առաջադրվել է 4 կին՝ Մարգարայում (2 հոգի), Գետահովտում (1) և Իջևանում (1): Մարգարայում և Գետահովտում թեկնածություն առաջադրած կանայք ընտրվել են առավելագույն քանակությամբ ձայներով, մինչդեռ Իջևանում առաջադրված կին թեկնածուն զբաղեցրել է վերջին տեղը:
Դիտարկված տեղամասերում ձեռքբերված տեղեկությունների համաձայն արձանագրվել է հետևյալ իրավիճակը:
[b]Տեղամասային կենտրոնների մատչելիությունը և հանձնաժողովի նիստը[/b]
Դիտարկված 20 տեղամասերից 11-ի մուտքը մատչելի չի եղել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար, չի ունեցել պատշաճ թեքահարթակ կամ սայլակով, քայլակով տեղաշարժվող անձանց համար անցանելի մուտք։ Իջևանի 38/04 և 38/05, ինչպես նաև Օահանավանի 17/01 տեղամասային կենտրոններում քվեասենյակը եղել է երկրորդ հարկում կամ ներսում եղել են առանց թեքահարթակի աստիճաններ։
Հանձնաժողովի առավոտյան նիստը դիտարկվել է 38/07, 37/1, 16/01, 15/04 և 17/01 տեղամասերում։ Նիստը անցկացվել է ըստ ընթացակարգի և առանց էական միջադեպերի։ Նալբանդյան համայնքի 16/01 տեղամասում հանձնաժողովի անդամները փորձել էին վերաբաշխել միմյանց մեջ վիճակահանությամբ ստանձնած գործառույթները, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։ Քվեարկության ողջ ընթացքում դիտորդների կողմից վիճակահանության արդյունքների հիման վրա գործառույթների իրականացման խախտման դեպք չի գրանցվել։
[b]Քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում և հարակից տարածքներում[/b]
Դիտարկված 20 տեղամասերից 3-ում՝ Իջևան քաղաքում, գրանցվել է քվեախցիկում միաժամանակ երկու անձի կողմից քվեարկություն, որոնք կասեցվել են ՏԸՀ նախագահների կողմից դիտորդի բարձրաձայնելուց հետո.
38/04 տեղամասում երկու անձանց միաժամանակյա քվեարկության կրկնվող դեպքերը կասեցվեցին, երբ նախագահը սկսեց ներս հրավիրել տեղամասային կենտրոնի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանի,
38/05 տեղամասում մեկից ավել անձանց միաժամանակյա քվեարկությունը պայմանավորված էր ՏԸՀ նախագահի սխալմունքով: Փորձելով ապահովել, որ ընտրողին օգնողը լինի այլ ընտրող, նախագահը պահանջել է, որ օգնողը նույն պահին ևս քվեարկի, ինչի պատճառով քվեաթերթիկը ինքնուրույն լրացնել չկարողացող անձը փաստացի ներկա է եղել մյուս անձի քվեարկությանը: Իսկ 38/09-ում մեկից ավել անձանց միաժամանակյա քվեարկությունը պայմանավորված էր նախագահի պարզ նախազգուշացմամբ։
Տեղամասերում գրանցվել են դեպքեր, երբ միաժամանակ ներկա են եղել թեկնածուի մեկից ավելի վստահված անձինց, սակայն բոլոր բացահայտված դեպքերում հեռացվել են: Իջևանի 38/10 տեղամասում դիտորդի առաջին այցի ժամանակ վստահված անձինք տեսանելիորեն չեն կրել վկայականները, իսկ համապատասխան պահանջից հետո ներկաների մի մասը լքել է տարածքը: Նույն տեղամասում քվեարկության սենյակում փորձել է մնալ թեկնածուներից մեկը, որը, սակայն, հեռացել է ՏԸՀ նախագահի պահանջով: Թեկնածուներից որևէ մեկի վստահված անձ չի ներկայացել տեղամաս քվեարկության ողջ ընթացքում միայն Իջևանի հարակից Գետահովիտ համայնքում, որը աչքի է ընկել նաև ամենացածր մասնակցության տոկոսով՝ ընդամենը 22.7%:
Միաժամանակ, եթե քվեարկության սենյակի փոխարեն դիտարկենք տեղամասային կենտրոնները, ապա նույն շինության տարածքում կամ մուտքի մոտ պարբերաբար արձանագրվել է վստահված անձանց և թեկնածուների ներկայություն, իսկ տեղամասերից երեքում՝ 16/03 (Նոր Արմավիր), 17/01 (Օհանավան) և 38/09 (Իջևան) դա գնահատվել է դիտորդների կողմից որպես ազդեցություն ընտրողների կամքի վրա:
Դիտարկված 20 տեղամասերից 9-ի մոտակայքում նկատվել են կուտակումներ: Այդ տեղամասերից երկուսի մոտ՝ Նալբանդյան և Օհանավան համայնքներում, կուտակումները եղել են օրենքով սահմանված 50 մետր շառավիղում: Դիտորդների կողմից խնդրի բարձրաձայնումից հետո ՏԸՀ նախագահները դիմել են ծառայություն իրականացնող ոստիկաններին: Թեև ՏԸՀ նախագահի հրահանգից հետո ոստիկանները վերացրել են կուտակումները, որոշ ժամանակ անց դրանք նորից գոյանում էին: Այդպիսի կուտակումներում ներգրավված էին լինում միաժամանակ մի քանի թեկնածուների ներկայացուցիչներ և իրենք՝ թեկնածուները:
Երրորդ անձանց կողմից ընտրողներին մեքենաներով դեպի տեղամասային կենտրոն բերելու և տանելու ակտիվություն է նկատվել Հովտամեջ և Օհանավան համայնքներում:
Նկատելի մեծ թիվ է կազմել այլ անձանց կողմից օգնությամբ քվեարկելու դեպքերը Տավուշի մարզի Ծաղկավան համայնքում: 456 ընտրող ունեցող համայնքում քվեարկությանը մասնակցել է 341 հոգի, որոնցից 41 այլ անձի օգնությամբ: Ինքնուրույն քվեաթերթիկը լրացնել չկարողացողների այսքան բարձր տոկոսը ՏԸՀ նախագահը բացատրել է բնակիչների անտառաճանաչությամբ:
Օգնությամբ քվեարկողների թիվը բարձր էր նաև Ակնաղբյուր համայնքում. 383 ընտրելու իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցել է 304 հոգի, որոնցից 30-ը՝ հրավիրված անձի օգնությամբ:
[b]
Ձայների հաշվարկ[/b]
ՏԸՀ ամփոփման նիստը և ձայների հաշվարկը դիտարկվել է Օհանավան, Հովտամեջ, Մարգարա, Ակնաղբյուր համայնքներում և Իջևանի 38/10 տեղամասում: Բոլոր 5 տեղամասերում պահպանվել են ընթացակարգերը, գտնվելու իրավունք չունեցող անձանց քվեարկության սենյակ մտնելու փորձ չի գրանցվել, իսկ գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտքը չի խոչընդոտվել: Որևէ կոնֆլիկտային իրավիճակ չի արձանագրվել:
Ակնաղբյուր համայնքում ՏԸՀ-ին չէր տրամադրվել արձանագրության քաղվածքի ձևաթղթերը:
Իջևանի 38/10 տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանները ցանկանում էին իմանալ մասնակցության թիվ՝ «վերևներին» փոխանցելու նպատակով:
[b]Հետընտրական զարգացումներ և առաջարկությունները[/b]
Նախընտրական փուլում Դաշինքի երկարաժամկետ դիտորդները տեղեկություն էին ստացել երկու կասկածելի դեպքի մասին: Առաջինը վերաբերվում է Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի թեկնածուի՝ ներկայիս գյուղապետի, Մեհրաբյան Իսկանդարի կողմից վարչական ռեսուրսների չարաշահմանը՝ սերմացու խոստանալու և բնակիչների օգտին իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ տրամադրելու (նրանց ունեցած անասնագլխաքանակի վերաբերյալ)՝ սոցիալական ծառայություն ներկայացնելու նպատակով: Ընտրությունների օրը տեղեկատվությունը տրամադրած նույն անձը հայտնել էր նաև, որ Մեհրաբյանի պահանջով ընտրողները պետք է լուսանկարեն քվեաթերթիկները, ինչը, սակայն, որևէ կերպ չի հաստատվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Տավուշի մարզի դատախազին:
Ընտրությունների հաջորդ օրը Դաշինքին հայտնի է դարձել Վարդանաշեն համայնքում տեղի ունեցած հավաքի մասին, որի ընթացքում գյուղի բնակիչները ժամանակավոր արգելափակել են գյուղապետարանի մուտքը և խոստացել թույլ չտալ վերընտրված նախկին գյուղապետի պաշտոնավարումը: Կրքերը հանդարտվել են մարզպետարանի միջնորդությամբ, սակայն համայնքի բնակիչների դժգոհությունը շարունակվել է:
Դժգոհ լինելով համայնքի ղեկավար Մանուկյան Արթուրի նախորդ պաշտոնավարումից, մեղադրելով վատ կառավարման և համայնքային բյուջեն մսխելու մեջ՝ ցուցարարները պնդել են, որ Մանուկյանի ընտրազանգվածը «գյուղի բնակիչները չեն»՝ նկատի ունենալով գյուղում հաշվառված, բայց չբնակվող, երբեմն ընդհանրապես անծանոթ ընտրողների: Միաժամանակ, ցուցարարները, ներառյալ պարտված թեկնածուն, չեն վիճարկում քվեարկության արդյունքները: Այժմ համայնքի բնակիչները ստորագրահավաք են անցկացնում՝ նպատակ ունենալով դիմել համայնքային բյուջեի աուդիտի պահանջով:
Իջևան քաղաքի ավագանու 15 մանդատի համար պայքարող 32 թեկնածուներից երկուսը (Հովակիմյան Արսենը և Խառատյան Վահեն), ըստ ՏԸՀ-ներում արձանագրված արդյունքի, ստացել էին հավասար քանակությամբ ձայներ՝ գրանցելով 15-րդ առավելագույն արդյունքը: Թեկնածուներից Հովակիմյան Արսենը պահանջել է վերահաշվարկ տեղամասերից երկուսում, ինչի արդյունքում ԸԸՀ-ն անցկացրել է բոլոր 8 տեղամասերի վերահաշվարկը: Վերահաշվարկի արդյունքում անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, իսկ Հովակիմյանի օգտին քվեարկած 3 քվեաթերթիկ ճանաչվել է վավեր, ինչի արդյունքում նա ստացել է ավագանու մանդատը:
Երկարաժամկետ դիտարկման արդյունքների նախնական վերլուծության և կարճաժամկետ դիտարկման արդյունքների համադրումից ակնհայտ է, որ ՏԻՄ մակարդակում դեռևս կան ժողովրդավարական գործընթացների զարգացման որոշ խոչընդոտներ.
Որոշ փոքր համայնքներում նկատվում է խիստ անտարբերություն ընտրական գործընթացների և ինքնակառավարման ուղղությամբ, ինչը արդյունք է համայնքի այլ, ավելի մեծ համայնքներից կախյալ լինելու և տնօրինվող ռեսուրսների կանխավ ակնհայտ անբավարարության, ինչի վառ օրինակներ են Տավուշի մարզի Գետահովիտ (22,7% մասնակցություն) համայնքում և Արմավիրի մարզի Հայկավան (30,6% մասնակցություն) համայնքում:
Հավելյալ ռեուրսների ուղղակի ներգրավման և համայնքի կառավարման վրա էական ազդեցություն կարող է ունենալ համայնքների միավորման գործընթացի շարունակությունը և այդ համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու ձևավորման անցումը:
Նույնիսկ հերթական ընտրությունների դեպքում առկա է համայնքի տեղեկացվածության անբավարար մակարդակ, ինչը նաև խոչընդոտ է ակտիվ ընտրական իրավունքը իրացնելու տեսանկյունից և կարող է սահմանափակել մրցակցությունը: Այս ուղղությամբ հնարավոր է ավելի արդյունավետ օգտագործել համայնքապետարանի ներուժը, ինչպես նաև ներգրավել փոստային ծառայության և դպրոցի տեղեկատվություն տարածելու հնարավորությունները, ինչպես նաև առևտրային նշանակության տարածքները՝ տեղեկատվական վահանակների համար:
Համայնքի բնակչության քանակի նվազման հետ հակառակ համեմատությամբ երևան է գալիս երկու օրենսդրական ձևակերպումների հետ կապված խնդիր. օգնությամբ քվեարկության հետ կապված ծագող ռիսկերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների տրամադրության տակ եղած աջակցող տեխնոլոգիաները (հիմնականում դա միայն խոշորացույց ոսպնյակն է) բավարար չեն բոլոր քաղաքացիների ընտրական իրավունքը ինքնուրույն իրացնելու համար, սակայն հաճախ դրանք էլ չեն տրամադրվում և նախապատվությունը տրվում է օգնող անձ հրավիրելուն:
Մատչելիության հստակ օրենսդրական պահանջի բացակայությունը՝ օգնողի ինստիտուտի նախապատվությունը մի կողմից թույլ չի տալիս խուսափել օգնելու փոխարեն քվեարկությունը վերահսկելու դեպքերից, մյուս կողմից հետաձգում է հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքի լիարժեք իրագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Միանշանակ է, որ խնդիրն պահանջում է լուծման երկու եղանակ.
-աջակցող տեխնոլոգիաներով տեղամասային կենտրոնների հագեցվածություն և խելամիտ հարմարեցումների ստեղծում,
- ԿԸՀ-ի կողմից հստակ պարզաբանում ընտրական օրենսգրքի Հոդված 67.9 մասով, որը պոզիտիվ ձևակերպում կտա որպես օգնող հրավիրված անձի կարգավիճակի մասին՝ սահմանելով այն որպես քվեարկության սենյակում գտնվող այլ ընտրող,
- ՏԻ մարմիններում ներկայացուցիչներ ընտրելու իրավունքը ըստ ԸՕ ծագում է. ՀՀ քաղաքացիների համար տվյալ համայնքում նվազագույնը 6 ամսվա հաշվառված լինելու արդյունքում, իսկ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց դեպքում նվազագույնը 12 ամիս հաշվառված լինելու արդյունքում: Ենթադրվում է, որ հաշվառումը համընկնում է բնակության փաստի հետ և այդպիսով համայնքի ավագանի կամ ղեկավարին ընտրում է համայնքում փաստացի բնակվող անձը: Սակայն հաշվառման ընթացակարգի համակարգային և համատարած խախտումների, կարգը պահելու խրախուսող և պատժող մեխանիզմների չաշխատելու շնորհիվ ՏԻՄ մակարդակում ընտրելու իրավունքը պահպանվում է համայնքում հաշվառված, սակայն փաստացի այլ տեղ բնակվող անձանց մոտ, ինչը
մի կողմից սահմանափակում է համայնքում հաշվառված և փաստացի բնակվող անձանց իրենց համայնքի ինքնակառավարման մարմինները ստեղծելու իրավունքը և մյուս կողմից տեղիք է տալիս չարաշահումների, որոնց մասին բարձրաձայնվում էր տարիներ շարունակ և բարձրաձայնվել է նաև հետհեղափոխական Հայաստանում. խոսքը փաստացի ՀՀ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքի խախտումներով ի օգուտ կոնկրետ թեկնածուի ուղղորդվող քվեարկություն կատարող քաղաքացիների մասին է միաժամանակ իրենց բնակության փաստացի վայրում չհաշվառվելով ընտրողները զրկվում են այդ համայնքի ղեկավար մարմինների ձևավորման հնարավորությունից:
Այս ուղղությամբ Դաշինքը անհրաժեշտ է գտնում.
- ԸՕ ոգուն համապատասխանեցնել նաև ձևակերպումը՝ նշելով համայնքային մակարդակում ընտրական իրավունքի աղբյուրը՝ փաստացի բնակության փաստը, ինչը հնարավոր կդարձներ տվյալ իրավունքն ունեցող անձանց բողոքարկել ընտրությունների արդյունքները, բացահայտել օրենքի խախտմամբ ընտրություն կատարած անձանց և վերահաշվարկ անցկացնել,
- ողջամիտ սահմաններում պարզեցնել և հեշտացնել հաշվառման գործընթացը,
- ստեղծել ըստ փաստացի բնակության վայրի հաշվառումը խրախուսող մեխանիզմներ:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներառում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Իրազեկ քաղաքացիների միավորումը և համագործակցում է Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի հետ:
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
15:55 04-12-2021
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները
1095 դիտում
10:28 12-11-2019
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրել է կարճաժամկետ դիտորդական առաքելության եզրակացությունները
1702 դիտում
13:31 23-09-2018
«Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 11:15-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր