211652_close_icon
views-count1509 դիտում article-date 14:42 23-02-2019

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում հինգ ոչ նյութական մշակութային արժեք ընդգրկելու հայտով չի դիմել կազմակերպությանը

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հինգ ոչ նյութական մշակութային արժեք կազմակերպության ցանկում ընդգրկելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/965331.html]Արմենպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության մասնագետ Նաիրա Կիլիչյանը: «Զարմանալի է, թե ի՞նչ աղբյուրի հիման վրա են լրատվամիջոցները նման եզրակացության եկել: Իրականում 2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած որոշման նախագիծն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվում է, լրացում է կատարվում: Արդյունքում ցանկում ընդգրկվել է հինգ ոչ նյութական մշակութային արժեք, որոնք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառությունը», «Գյումրվա կլկլանը (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոնը», «Պարկապզուկը (տիկ)», «Կոխ ըմբշամարտը»: Մինչ այդ ցանկում ընդգրկված էր յոթ արժեք: Դրանք են «Կարոս խաչ» վիպերգը, «Լարախաղացությունը (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգերը», «Ավետիսը», «Խաչբուռը», «Ասեղնագործությունը», «Բարեկենդանը»,-ներկայացրեց Կիլիչյանը: Նա շեշտեց, որ ՀՀ կառավարությանը ներկայացված այդ փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման մեջ գրված է, որ ցանկերի թարմացման հեռահար նպատակն այն է, որ հետագայում, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայով որևէ արժեքի մասին Հայաստանը հայտ ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ, այդ արժեքը գրանցված լինի Հայաստանի պետական ցանկերում։ Մասնագետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ին են ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց և ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո միայն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/965331.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր