211652_close_icon
views-count2368 դիտում article-date 23:16 26-02-2019

Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ պատարագ. բրիտանահայ համայնքին ներկայացվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպանը

Փետրվարի 24-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ, որից հետո Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը բրիտանահայ համայնքին ներկայացրեց Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արման Կիրակոսյանին: Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Կիրակոսյանը նշեց, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ ծանոթ է դեռևս 1990թ.-ից, երբ Լոնդոնի կենտրոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթին և հրապարակային ելույթ ունեցել Թրաֆալգարյան հրապարակում, ինչպես նաև 1992թ.-ից, երբ որպես ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լոնդոնում ներկա է գտնվել Եվրոպայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանության բացման արարողությանը: Դեսպանը երախտագիտությամբ նշեց ՄԹ-ում աշխատած ՀՀ նախկին դեսպաններին և իրենց կողմից կատարած ծավալուն աշխատանքը՝ ընդգծելով, որ ինքը նույնպես ջանք չի խնայելու ՀՀ-ՄԹ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար, այս գործընթացում կարևորելով նաև հայ համայնքի ու հայկական տարբեր կառույցների դերը: Արման Կիրակոսյանն ընգծեց, որ ՀՀ դեսպանությունը մշտապես բաց է լինելու համայնքային կառույցների համար: Նույն օրը Լոնդոնի «Նավասարդյան» կենտրոնում Արման Կիրոկոսյանը մասնակցեց Սումգայիթյան ջարդերի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր Լոնդոնի Հայկական ազգային կոմիտեն: Միջոցառման ընթացքում ներկաներին ցուցադրվեց «Սումգայիթ. Սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որից հետո ներկաներին ուղղված իր խոսքում ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը նշեց, որ մինչ օրս Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը չի արժանացել համարժեք քաղաքական գնահատականի, և համայնքի ջանքերը պետք է ուղղված լինեն այդ ողբերգական իրադարձությունների մասին ճշմարտությունը Միացյալ Թագավորության քաղաքական և հասարակական լայն շրջանակներին հասցնելուն: Այդ առումով դեսպանի կողմից կարևորվեց համայնքի կառույցների և դեսպանության միջև համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր