211652_close_icon
views-count2976 դիտում article-date 19:18 05-03-2019

«Կադանս» անսամբլի համերգով Բժշկական համալասարանում մեկնարկել է «Մշակույթն ապագա բժիշկներին» ծրագիրը

Երևանի Մխիթար Հերաու անվան պետական բժշկական համալսարանում «Մշակույթն ապագա բժիշկներին» ծրագիրը մեկնարկեց «Կադանս» անսամբլի համերգով: «Մշակույթի և արվեստի շնչով լցված դահլիճը բուռն ծափողջյունով գնահատեց յուրաքանչյուր կատարում. համերգին հնչեցին Ա. Պիացոլլայի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ա. Խաչատրյանի, Է. Բաղդասարյանի, Տ. Գրիգորյանի, Վ. Ռիոսի, Մ. Հերերայի, Հ. Պասկոլայի, Հ. Ստամպոնիի, Ռ. Գալյանոյի, Ռ. Անզովինոյի ստեղծագործությունները: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունու խոսքով՝ այս համերգը «Կադանս» անսամբլի նվիրաբերումն է ԵՊԲՀ-ին, ինչը հարգանքի դրսևորում է: «Բժիշկների համար կարևոր է դառնալ ինչպես լավ մասնագետ, այնպես էլ ունենալ լայն աշխարհընկալում, քանի որ նրանց շփման ասպարեզը հանրությունն է, ժողովուրդը, որը բազմաշերտ է ինչպես սոցիալապես, այնպես էլ նախասիրությունների տեսանկյունից»,-ասաց Վահան Արծրունին՝ ավելացնելով, որ ուրախ է, քանի որ այսօրվա համերգը ներկայացրեցին այս բնագավառի լավագույն երաժիշտները, և կարելի է հպարտորեն խոսել այն մասին, որ Բժշկական համալսարանը հյուրընկալել է յուրօրինակ ու բարձր կատարողական մակարդակ ունեցող «Կադանս» անսամբլին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կարծիքով՝ այսօր կարելի է ամեն ինչ ստանալ լրահոսի միջոցով, սակայն հնարավոր չէ բժիշկ դառնալ, եթե չեն կարող տարբերակել բարին ու գեղեցիկը: «Այն, ինչ այսօր տեղի ունեցավ այս բեմում, դրա վառ ապացույցն է՝ տարիների քրտնաջան աշխատանք, բարձր ճաշակ, հայրենասիրություն ու նվիրվածություն գործին»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտորը: Արմեն Մուրադյանը խորին շնորհակալություն հայտնեց ելույթ ունեցողներին՝ մարդկանց, ովքեր իրենց արվեստով կարող էին գեղեցկացնել աշխարհի յուրաքանչյուր բեմ, բուհ, սակայն այսօր ընտրել են Երևանի պետական բժշկական համալսարանը: Կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի խոսքով՝ այսօրվա համերգը նախաձեռնել է «Կադանս» անսամբլը, ինչը կազմակերպելու առաջարկը սիրով ընդունել են ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ԵՊԲՀ ռեկտորը: «Կադանս» անսամբլի համերգն ավարտվեց ջերմ մթնոլորտում՝ բարձր ծափահարությունների ներքո: Անսամբլի անդամներին ԵՊԲՀ-ի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր: «Կադանս»-ը ձևավորվել է 2004 թվականի փետրվարին հինգ հայ երաժիշտների կողմից՝ Հակոբ Ջաղացպանյանի (կիթառ), Վարազդատ Խաչումյանի (ջութակ), Մերուժան Եգանյանի (ակորդեոն), Սոֆի Միքայելյանի (դաշնամուր) և Գուրգեն Ամիրյանի (կոնտրաբաս) կողմից՝ նպատակ ուենենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները: Ժամանակի ընթացքում այն ընդլայնել է իր կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական, ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ՝ միաժամանակ հարազատ մնալով Պիացոլլայի երաժշտական արվեստին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր