211652_close_icon
views-count1310 դիտում article-date 22:36 14-03-2019

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» ժողովածուի շնորհանդեսը

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն իր մեջ ներառում է ԵՊՀ-ի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ 2018 թ. մայիսի 15-16-ին տեղի ունեցած «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» գիտաժողովի նյութերը: Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիոմյանը: Ռեկտորն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության գոյության ծանր պայմաններում մշակութային կյանքի կազմակերպման դժվարություններին: «Երբ նախատեսում էինք այս թեմայով գիտաժողով կազմակերպել, կասկածներ ունեինք, որ չենք կարողանա թեմային համապատասխան նյութեր գտնել, քանի որ սովի, ֆինանսական սղության և տնտեսական ծանր պայմաններում Առաջին Հանրապետության իշխանությունների համար պետք է որ դժվար լիներ ժամանակ և ուժ գտնել՝ կրթամշակութային կյանքն ապահովելու համար»,- նշեց Արամ Սիմոնյանը: Արամ Սիոմյանի խոսքով, այդ կասկածները փարատվեցին, երբ մասնագետները ներկայացրին մեծաթիվ աշխատանքներ, որոնք վերաբերում էին Առաջին Հանրապետության կրթամշակութային հարցերին: «Գիտաժողովի արդյունքներից շատ գոհ լինելով՝ որոշեցինք գիտաժողովի նյութերը հրատարակել, վստահ լինելով, որ այստեղ ներառված հոդվածները նոր խոսք են տվյալ թեմայի վերաբերյալ և կարող են հարուստ հիմք լինել հետագա ուսումնասիրությունների համար»: ԵՊՀ ռեկտորը բարձր գնահատեց Առաջին Հանրապետության իշխանության այն ջանքերը, որոնց շնորհիվ, չնայած դժնդակ պայմաններին, ստեղծվեցին Ազգային գրադարանը, թատրոնը, բազմաթիվ թանգարաններ, բացի դրանից՝ հենց այդ ժամանակ Առաջին Հանրապետության կենսագրությունը հարստացավ ԵՊՀ-ի հիմնադրմամբ: «Շնորհիվ Առաջին հանրապետության իշխանության ջանքերի՝ սկիզբ դրվեցին համընդհանուր կրթության գաղափարի, կրթամշակութային կյանքի ստեղծմանը, որն իհարկե որոշակի վերապահումներով և շեղումներով շարունակվեց նաև Խորհրդային Միությունում»,- նշեց ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով Համազգային հայ կրթական և մշակութային միությանը և ՀՀ ԳԱԱ-ի գործընկերներին համագործակցության և ցուցաբերած աշխատանքի համար: Ելույթով հանդես եկավ նաև Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն Ռուզան Առաքելյանը, որն իր խոսքում առանձնահատուկ շեշտեց կրթության դերը ժողովրդի ինքնավստահության հարցում: «Այս գիրքը մեզ համար շատ կարևոր ուղերձ ունի. Առաջին Հանրապետություն կերտող այրերն ունեին մեկ համոզմունք՝ ժողովրդին կարելի է ինքնավստահություն փոխանցել մշակութային և կրթական օջախներ ստեղծելու միջոցով»- ասաց Ռուզան Առաքելյանը: Ըստ նրա՝ երկրում կրթամշակութային մթնոլորտի ստեղծման վառ ապացույցն է նաև ԵՊՀ-ի ստեղծումը, որն այս տարի նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Ելույթով հանդես նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որը նախ ֆակուլտետի անունից շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և շնորհավորեց բոլորին գրքի հրատարակման առթիվ: «Այս գրքի ամենակարևոր արժանիքներից մեկն էլ թերևս այն է, որ առաջին անգամ հանգամանորեն և գիտական մոտեցմամբ համակողմանի ներկայացվեցին Առաջին Հանրապետության կրթամշակութային կյանքի և գործունեության տարբեր ոլորտները»,- հավելեց Էդիկ Մինասյանը: Ըստ Էդիկ Մինասյանի՝ ժողովածուն արժեքավոր աշխատանք է, որը պետք է դառնա ուսանողի սեղանի գրքերից մեկը: «Ուսումնասիրված արխիվային նյութերը ցույց են տալիս, որ մեծ խիզախում է եղել այդ պայմաններում գիտամշակութային կյանքով ապրելը: Մեծ խիզախում է եղել նաև ԵՊՀ-ի հիմնադրումը, որը կարևորագույն երևույթ է մեր պատմության մեջ»,-փաստեց Էդիկ Մինասյանը՝ հավելով, որ հերոսներ էին նաև այն դասախոսները, որոնք թողնում էին արտասահմանյան փափուկ կյանքն ու գալիս էին հայրենիք՝ ծանր պայմաններում դասավանդելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր