211652_close_icon
views-count4308 դիտում article-date 14:16 18-03-2019

Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինական ու թուրքական ջինսերին փոխարինելու կգա հայկականը: «Made in Armenia» ջինսերը վաճառքում կլինեն մեկ ամսից: Ջինսերն արտադրվում են Գյումրիում: Զաքարյան ընտանիքը 2 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ արտադրությունը սկսելու համար: Կառավարության ֆեյսբուքյան էջում նոր արտադրության մասին տեսանյութ է հրապարակվել: «Ռ. Զաքարյան» ընկերությունը որակյալ արտադրանք ստանալու համար անհրաժեշտ սարքավորումները ներկրել է արտասահմանից: Դրա համար ստացել է կառավարության աջակցությունը. 3 տարով կրճատվել է ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: «Դա հնարավորություն տվեց խնայել և այդ միջոցները սարքավորումներ գնելու մեջ ներդնել»,-նշում է ընկերության կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանը: Անհրաժեշտ կադրերի պատրաստման հարցում օգնության են եկել դրսից հրավիրված իտալացի փորձառու վարպետները: Տեխնոլոգ Մաուրո դի Ջուզեպպեն Հայաստան է եկել օգնելու բարձր որակի արտադրանք ստանալու հարցում: «Դեռ որոշակի ճանապարհ ունենք անցնելու , բայց ես մեծ ցանկություն և կամք ունեմ իմ ողջ փորձառությունը փոխանցելու համար»,-նշում է նա: Նոր արտադրամասում աշխատանքը հիմնականում ավտոմատացված է: Արտադրությունում ավելի քան 50 մարդ է աշխատում: Նախատեսում են առաջիկա երկու տարում աշխատակիցների թիվը հասցնել 100-ի, արտադրությունն ավելացնել 4 անգամ: «Մեր արտադրության մոտավորապես 5 տոկոսը նախատեսում ենք սպառել Հայաստանի տարածքում: Մեր հինական թիրախը արտահանումն է: Արդեն պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, մոտակա ժամանակներս կունենանք պայմանագրեր Իտալիայի և եվրոպական այլ երկրների ընկերությունների հետ»,- ասում է ընկերության կոմերցիոն տնօրենը՝ հավելելով, որ, բացի ջինսե տաբատներ և բաճկոններ արտադրելուց, նպատակ կա կարել նաև վերնաշապիկներ և այլ տրիկոտաժեղեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր