211652_close_icon
views-count1251 դիտում article-date 15:44 05-04-2019

Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը պարգևատրել է գործարար, բարերար Արթուր Խաչատրյանին

Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, գործարար, բարերար Արթուր Խաչատրյանին: Ինչպես տեղեկացրեցին մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով Արթուր Խաչատրյանի գործունեությունը՝ Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ քաջատեղյակ է նրա կատարած աշխատանքներին, Կամչատկայի հայ համայնքի ձևավորման, կայացման գործում ունեցած ավանդին և մեծ դերակատարությանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ մեծ ուրախություն է հայրենիքում նման վերաբերմունքի արժանանալը: Կամչակտայում շուրջ 2500 հայ է ապրում, և չնայած հայերի ներկայությունն այնտեղ տասնամյակների պատմություն ունի, որպես կայացած համայնք կազմակերպվել ու գործել են չորս տարի առաջ: Հենց Արթուր Խաչատրյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ են գործում համայնքը, նրան կից կիրակնօրյա դպրոցը և պարային համույթը: Ըստ նրա՝ Հայաստանից դուրս ապրող հայերն առնվազն մայրենի լեզվին պետք է տիրապետեն: Այսօր 25 աշակերտ ունեցող կիրակնօրյա դպրոցում 3 տարում սովորում են հայերեն գրել, կարդալ, ծանոթանալ Հայաստանի պատմությանը: Իրենց արմատներին կառչած մնալու շնորհիվ է նաև, որ Կամչատկայում առկա մյուս, ավելի մեծ թվով ներկայություն ունեցող ազգային փոքրամասնությունների կողքին՝ հայերն ամենահզոր համայնքն ունեն: Հյուրն անդարադարձավ նախարարության հետ արդյունավետ համագործակցությանը և հույս հայտնեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի սերտ աշխատել Կամչատկայի համայնքի հետ, հանդես գալ համատեղ նոր նախաձեռնություններով: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ գործելով վարչապետի աշխատակազմում և ունենալով համակարգման և վերահսկման լայն լծակներ՝ հանձնակատարի գրասենյակը կկարողանա սփյուռքի հետ գործակցությունը տեղափոխել առավել մեծ արդյունավետության դաշտ, աջակցել համայնքներին, մշակել միասնական համահայկական օրակարգ՝ ազդակներ ստանալով հայ համայնքներից: Նախարարի պաշտոնակատարը հավելեց՝ անգամ ամենահեռավոր համայնքները պիտի զգան՝ Հայաստանն իրենց թիկունքին կանգած է: Հանդիպման ավարտին Հայաստան-սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, ազգային, հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար Բաբկեն Տեր Գրիգորյանը Արթուր Խաչատրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով: «Այս մեդալը միայն իմը չէ, այն նախևառաջ Կամչատկայի հայ համայնքինն է: Մեծ պատիվ է հայրենի պետության կողմից նման գնահատանքի արժանանալը: Սա մեզ համար նոր խթան է առավել համախմբելու մեր ջանքերն ու նոր ոգով առաջ գնալու համար: Մեր կողքին ապրող մյուս ազգերի համայնքները իրենց պետությունների կողմից դեռևս նման վերաբերմունքի չեն արժանացել»,-նշեց Կամչատկայի հայ համայնքի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր