4893 դիտում
23:52 09-04-2019
Հեղափոխության օրերին դրոշի կարևորության մասին մոռացե՞լ էիք
Ոչ միայն դրոշի, այլ նաև պետական խորհրդանիշերի նկատմամբ հարգանքը մարդկանց մեջ մանկուց պետք է սերմանել` ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում: Թավշյա չէ, ուզում է մետաքսե հեղափոխություն էլ լինի, այդ հարգանքը միանգամից չի արմատավորվելու մարդկանց մեջ, որովհետև մի օրում ու մեկ օրինակով արժեհամակարգ չի փոխվում:
Երկրի կարևորագույն հարցերը ստվերելու համար պետական խորհրդանիշերի թեման օրակարգ բերելը նոր իշխանությունների մոտ, կարծես, վատ չի ստացվում: Օրհներգի թեման հորով-մորով անելով և նույնիսկ մոռանալով, որ դրա համար ինչ-որ հանձնաժողով էին ստեղծել, իշխանության ներկայացուցիչները` ի դեմս վարչապետ Փաշինյանի, այժմ էլ դրոշին են անցել: Վարչապետի բարկությունն առ այն, թե Եռագույնի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել, ինչ խոսք, արդարացի է, բայց միայն դրա պատճառով մարդուն աշխատանքից ազատելը, մեղմ ասած, խելամիտ չէ: Բացի այդ`Հայաստանի թիվ մեկը խնդիրը ոչ թե ուշադրությունից դուրս մնացած դրոշն է, այլ անուշադրության մատված ծերերը, որբերը, աղետի գոտու բնակիչները, սոցիալապես անապահով խավը և այլն, և այլն:
Որքանով տեղյակ եմ, մեր երկրում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, այլ ոչ թե այսրոպեական բարկությամբ: Իսկ եթե իշխանությունը ոչ թե օրենսգրքով, այլ հոգեկան ապրումներով է առաջնորդվում, ուրեմն մեր բանը բուրդ է:
Բացի ազգային խորհրդանիշի նկատմամբ հարգանքի դաս տալուց, վարչապետը մաքսատան աշխատողներից մեկին էլ ձիգ կանգնելու հրահանգ է տվել, քանզի նրա առջև ՀՀ վարչապետն է: Այն վարչապետը, որ դեռ մեկ տարի առաջ սովորական քաղաքացի էր, բոլորի հետ հավասար փողոց էր փակում, պառկում ավտոբուսների անիվների տակ ու բոլորին վստահեցնում` դու մենակ չես, մենակ չես, մենակ չես: Հայաստանի հպարտ քաղաքացիներն այժմ խիստ մոլորության մեջ են` չգիտեն հանգիստ նստեն տեղնե՞րը, վե՞ր կենան, քայլե՞ն, թե՞ ձիգ կանգնեն:
Եռագույնի արժանապատվությամբ մտահոգվածներին մի անկեղծ հարց եմ ուզում տալ` «թավշյա հեղափոխության» օրերին մարմնի փարթամ մասերը դրոշ-կրծկալով ծածկած գեղեցկուհուն ինչո՞ւ չէիք հանդիմանում: Դրոշը որպես սփռոց ծառայեցնող ու դրա վրա թղթախաղ խաղացող մարդկանց նախատո՞ւմ էիք: Ավտոմեքենաների ապակիները դրոշով վարագուրողներին զրկո՞ւմ էիք վարորդական իրավունքից:
Ի դեպ, Փաշինյանից նվեր ստացած եռագույն գուլպաների մասին Կանադայի վարչապետը թող խոսի:
Վրույր Սևակ
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»