211652_close_icon
views-count2163 դիտում article-date 09:41 10-04-2019

Հայաստանի համար նոր օր է բացվել․ Հայոց ցեղասպանության հիշատակի երեկո ԱՄՆ-ի Կոնգրեսում․ «Ամերիկայի ձայն»

«Հայաստանի համար նոր օր է բացվել», հայտարարեց իր խոսքում կոնգրեսական Ջեքի Սփիրը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած Հայոց ցեղասպանության հիշատակի երեկոյին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4869444.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Հայաստանի համար նոր, հրաշալի օր է բացվել վարչապետ Փաշինյանի հետ, ում տիկնոջը մենք պատիվ ունեինք հյուրընկալելու մեկ շաբաթ առաջ: Նրանց մասին մտածելիս միայն ես ակամա ժպտում եմ, ինչպես Փաշինյանին հաջողվեց երկիրը պայծառ ժողովրդավարության վերածել, և այդ ամենը խաղաղ, մարդիկ պարզապես պարում էին փողոցներում, մի կաթիլ արյուն չթափվեց», - նշեց կոնգրեսական Սփիրը, ում մայրը հայ էր: Կոնգրեսականը հայտարարեց, որ պատրաստվում է նամակով դիմել նաև նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ԱՄՆ-ի ղեկավարին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Այս հարցում հայ համայնքն ունի գաղտնի զենք, - կատակեց Ջեքի Սփիրը, - անհրաժեշտ է, որ Քիմ Քարդաշյանը Թվիթերով կոչ անի Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Իսկ եթե լուրջ, ապա Միացյալ Նահանգները պարզապես պարտավոր է ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, համոզված է կոնգրեսականը. «Մեր երկիրը հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանի, ճշմարտությունը սատարողի դիրքերից և չկա որևէ պատճառ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չընդունվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում»: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակ, ազդեցիկ դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆն իր ելույթում նույնպես նշեց, որ դա բարոյական հրամայական է: «Չէ՞ որ ցեղասպանության ժխտումը, Էլի Վիզելի բնորոշմամբ, կրկնակի սպանություն է», - նշում է Շիֆը, ավելացնելով, որ այդ ժխտման քաղաքականությունն այսօր բռնությունների և մարդկային կյանքերի կորուստների է վերածվել Լեռնային Ղարաբաղում: Ղարաբաղին ուղղվող ամերիկյան օգնության հարցը երեքշաբթի առավոտյան Կոնգրեսում բարձրացրել էր նաև Կոնգրեսական Բրադ Շերմանը, ով լսումների ընթացքում հավաստիացում ստացավ ԱՄՆ-ի կառավարությունից, որ Միացյալ Նահանգները նախատեսում է ֆինանսական միջոցներ ուղղել Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, որը պաշտոնական Անկարան ժխտում է, ապա, ըստ կոնգրեսական Շերմանի, այն պատմական փաստ է, որի ճանաչումն անհրաժեշտ է նաև Թուրքիային, որն այդ դեպքում բոլորովին այլ երկիր կդառնա. «Պատկերացրեք, ո՞վ կցանկանար դաշնակիցը լինել Գերմանիայի, եթե այն հերքեր Ողջակիզումը»: Հայաստանի հետ բարեկամության Կոնգրեսի խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնն իր կողմից կրկին անդրադարձավ Հայաստանի «Թավշյա հեղափոխությանը», որն, իր խոսքով, պետք է գնահատվի Միացյալ Նահանգների կողմից, քանի որ մինչ բազմաթիվ նախկին խորհրդային պետություններ գնում են բռնատիրության ուղիով, Հայաստանին հաջողվել է ճիշտ ուղի ընտրել: Նշենք, որ երկուշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ մտած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը համահեղինակել են դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆն ու հանրապետական կոնգրեսական Գուս Բիլիրակիսը, արդեն արժանացել է յոթ տասնյակից ավելի կոնգրեսականների աջակցության: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև է ներկայացվել նաև Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում: Դրա համահեղինակներն են ազդեցիկ դեմոկրատական սենատոր Բոբ Մենենդեզը և հանրապետական սենատոր Թեդ Քրուզը: Նշենք նաև, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը 1975 և 1984 թվականներին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: 1981 թվականին իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր նաև ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը:

Նմանատիպ նյութեր