211652_close_icon
views-count3531 դիտում article-date 14:36 12-04-2019

ԵՊՀ իրանագիտության ամբիոնում տեղի է ունեցել «Շիրվան. պատմություն, մշակույթ և լեզվական իրավիճակ» խորագիրը կրող աշխատաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի ունեցավ «Շիրվան. պատմություն, մշակույթ և լեզվական իրավիճակ» խորագիրը կրող աշխատաժողով: Աշխատաժողովին ներկա էին Իրանագիտության ամբիոնի դասախոսներ, ասպիրանտներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից: Բացման խոսքով հանդես եկավ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ ողջունելով ներկաներին և կարևորելով Շիրվան պատմական երկրամասի վերաբերյալ ուսումնասիրությունները: «Այս աշխատաժողովը նվիրված է Արևելյան Այսրկովկասի ամենահետաքրքիր տարածաշրջաններից մեկին: Տարածք, որտեղ էթնիկական, մշակութային, լեզվական ու պատմական բազմաթիվ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել: Ըստ էության, այստեղ են ձևավորվել այսօր մեզ համար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող և կիրառական նշանակություն ունեցող ժամանակակից ադրբեջանցիները»,- ներկայացրեց Վարդան Ոսկանյանը: Նա նշեց, որ աշխատաժողովի ընթացքում բանախոսներն անդրադառնալու են բազմաթիվ խնդիրների, որոնք առնչվում են Շիրվանի՝ որպես առանձին տարածաշրջանի էթնիկական, մշակութային, լեզվական և պատմական խնդիրներին: «Ուսումնասիրում են այսօրվա Ադրբեջանի Հանրապետության սիրտը թե՛ պատմամշակութային ու լեզվական, թե՛ ինչ-որ առումով ինքնության տեսանկյունից»,- ասաց Վարդան Ոսկանյանը՝ շեշտելով, որ մենք գործ ունենք մի տարածաշրջանի հետ, որտեղ սկզբնապես ներկա կովկասյան տարրը փոխարինվել է պարսկախոս հանրույթով: Ըստ Վարդան Ոսկանյանի՝ տարածքն ուշագրավ է նաև այն փաստով, որ այս տարածքում, Շիրվանի թյուրքական բարբառի հիման վրա է ձևավորվել ժամանակակից ադրբեջաներենը և, փաստորեն, հագեցած է տեղի պարսկական խոսվածքների բառաֆոնդով: «Շիրվանի տարածքի հայ թագավորության մասին տեղեկությունները» զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Տորք Դալալյանը: Նշելով տարածքի ուսումնասիրության կարևորությունը Հայաստանի համար՝ նա խոսեց Շիրվանի հայկական թագավորության մասին մեզ տեղեկություններ հաղորդող աղբյուրների մասին: Դրանք հիմնականում երկու տիպի են՝ մատենագրական և վիմագրական: Մատենագրական աղբյուր են 12-րդ դարի ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցու աշխատությունները: Որոշ տեղեկություններ կան նաև Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում: Երկրորդ խմբի աղբյուրները՝ վիմագիր արձանագրությունները, պահպանվել են Խաչմասի գերեզմանատանը: Խաչմասն Ադրբեջանի հյուսիսում գտնվող, նախկինում հայաբնակ գյուղ է: Գյուղի մի մասը գտնվում է Դաղստանի Հանրապետության տարածքում: Ըստ բանախոսի՝ արժեքավոր են նաև Սյունիքում գտնվող Վահանավանքի վիմագրերը: Վահանավանքը սյունյաց արքայական գերեզմանատունն է: Այնուհետև հայատառ պարսկերեն ձեռագրերի մասին զեկուցում ներկայացրեց Իրանագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Կիրակոսյանը: Զեկուցմամբ հանդես եկավ նաև նույն ամբիոնի ասիստենտ Արտյոմ Տոնոյանը՝ խոսելով Այսրկովկասյան թյուրքերենում կովկասյան պարսկերենի բառային ենթաշերտի մասին: Ասիստենտ Հասմիկ Բիանջյանը ելույթ ունեցավ Խաղանի Շիրվանիի հասարակական-քաղաքական, փիլիսոփայական հայացքների մասին: Շիրվանում պարսկախոսության տարածման շուրջ զեկուցմամբ հանդես եկավ Վարդան Ոսկանյանը: Զեկուցումներ ներկայացրին նաև Ս. Վարդանյանը, Մ. Քարիմին, Գ. Միսակյանը: Աշխատաժողովն ամփոփվեց քննարկմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր