211652_close_icon
views-count4527 դիտում article-date 21:25 13-04-2019

Ծանրամարտի ԵԱ. Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր, Գոռ Մինասյանին խանգարեց վնասվածքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուբեն Ալեքսանյանը հռչակվեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի (+109 կգ) բրոնզե մեդալակիր: Երկամարտում Ռուբեն Ալեքսանյանը գրանցեց 440 կգ (195+245) արդյունք: Պոկում վարժությունից հետո հայ ծանրորդը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտի 422 կգ (200+222) արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդն առաջին փորձից բարձրացրեց 200 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հաջորդ 2 մոտեցումներով չկարողացավ բարձրացնել 205 կգ-ն: Երկրորդ մոտեցման ընթացքում Մինասյանի ոտքի վնասվածքը կրկնվեց, ինչը զգալ տվեց երրորդ փորձի ժամանակ: Հրում վարժությունում Գոռն առաջին մոտեցումով բարձրացրեց 222 կգ, այնուհետև չկարողացավ ֆիքսել 234 կգ-ն, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց վնասվածքի պատճառով: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Լաշա Տալախաձեն, որի երկամարտի արդյունքն էր 478 կգ (218+260): Վրացի ծանրորդն աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ սահմանեց պոկում, հրում վարժություններում ու երկամարտում: Այս քաշային կարգի մրցումը միակն էր, որի ժամանակ տրիբունաները լեփ-լեցուն էին: Գերծանր քաշային կարգի մրցմանը մարզապալատից հետևում էր նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց երկամարտի 5 մեդալով: Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) և Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացան բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր