211652_close_icon
views-count1846 դիտում article-date 19:17 19-04-2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել եւ հաստատել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք մոդելային օրենքների եւ օրենսգրքերի նախագծեր: ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` որպես հիմնական զեկուցող, վեհաժողովի հաստատմանն է ներկայացրել Հարկային վարչարարության մասին, Ներքին ջրային?տրանսպորտին եւ գնագոյացմանն առնչվող մոդելային օրենքների նախագծերը: Լիագումար նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահը մասնակցել է անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսին: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջին անգամ է մասնակցում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին եւ կարող է վստահորեն համոզմունք հայտնել, որ գոհ է նիստի աշխատանքներից: Ըստ խորհրդարանի ղեկավարի` ԱՊՀ ՄԽՎ-ն շատ արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման համար, մի հարթակ, որտեղ կարելի է քննարկել եւ որոշումներ կայացնել քաղաքական, հումանիտար, տնտեսական եւ այլ հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ հայ պատգամավորներն ակտիվ մասնակցություն են ունենում ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին եւ իրենց ներդրումն են բերում կառույցի զարգացմանը, մասնավորապես մոդելային օրենսդրության մշակման գործընթացին: Անդամ պետություններում տեղի ունեցող ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ ՄԽՎ առաքելությունների աշխատանքին վերաբերող հարցին ի պատասխան` Արարատ Միրզոյանը նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկվել են մեծաթիվ միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների կողմից եւ գնահատվել լիակատար ազատ, արդար եւ թափանցիկ: Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի` միջազգային դիտորդական առաքելությունների թվում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խումբը կատարել է շատ գնահատելի ու կարեւոր աշխատանք: Արարատ Միրզոյանի խոսքով` անդամ պետություններն իրենց ուշադրության կենտրոնում պետք է պահեն գործընկեր պետություններում տեղի ունեցող ընտրական գործընթացները: Նույն օրն ավելի ուշ նախատեսված է Ազգային ժողովի նախագահի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր