3578 դիտում
23:40 24-04-2019
Մերօրյա Թուրքիան կրկնում է նույն սխալները, ինչ նրա իրավանախորդ Օսմանյան կայսրությունը մեկ դար առաջ․ փորձագետ
Սիրիական հակամարտության ներկա շրջափուլում առկա հիմնական խնդիրների և այդ երկրում ու մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության, դրա պատմական պատճառների և հնարավոր հետևանքների վերաբերյալ [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/04/24/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%95%D5%BD%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%BD%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/153532]Ermenihaber.am[/url]-ը զրուցել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ:
- [b]Վերջին տարիներին սիրիական հակամարտության շրջանակներում արձանագրված զարգացումներում կարևոր դերակատարություն ունի նաև Թուրքիան: Ինչպե՞ս կբնութագրեք Անկարայի ներգրավումն այդ գործընթացներին:[/b]
- Անշուշտ, 2017թ. սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված «Աստանայի ձևաչափի» գործարկումից հետո մյուս գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ միասին կարևոր դերակատարում ստանձնեց նաև Թուրքիան՝ շրջադարձային փոփոխություն կատարելով սիրիական քաղաքական ուղեգծում: Ըստ էության, Անկարային վերապահված էր հիմնականում հակակառավարական խմբավորումների վրա ազդելու գործառույթը, որն էլ մասամբ իրականացվեց: Այս ուղղությամբ իրավիճակն անկայուն է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում, որտեղ Թուրքիային չի հաջողվում լիովին վերահսկել շրջանում գործող ընդդիմադիր խմբավորումներին:
Խնդիրն ավելի է բարդացնում նաև շրջանում «Ալ-Կաիդայի» ճյուղավորման՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման որոշիչ ներկայությունը, որը հավելյալ բարդություններ է ստեղծում Թուրքիայի համար՝ «Աստանայի ձևաչափում» ստանձնած պարտավորությունները լիովին կատարելու համար: Նշվածին զուգահեռ Թուրքիան տրամագծորեն հակառակ՝ ապակառուցողական դերակատարում ունի Սիրիայի քրդաբնակ շրջաններում՝ ընդգծված պառակտիչ քայլերով խաթարելով այս ուղղությամբ իրավիճակի բարելավմանը: Հենց Թուրքիայի նման գործելաոճի պատճառով է, որ մինչ այժմ չի իրականացվել ամերիկյան զորախմբի դուրսբերումը Սիրիայից, որի մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեռևս անցած տարեվերջին: Ի վերջո, Սիրիայի քրդաբնակ շրջաններից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո լուրջ մտավախություններ կան՝ կարող են տեղի ունենալ ողբերգական իրադարձություններ, որոնց մասին առնվազն քրդերը բազմիցս են ահազանգել:
- [b]Ի՞նչ ի նկատի ունեք «ապակառուցողական դերակատարում» ասելով:[/b]
- Թուրքիան իր անզիջում նախապայմաններով, սեփական զինված ուժերի, հովանավորյալ տարաբնույթ խմբավորումների միջոցով անթաքույց կերպով պարբերաբար սրում է իրավիճակը Սիրիայի հյուսիսիում՝ Եփրատ գետից արևմուտք ընկած հատվածներում, իսկ դեպի արևելք ենթադրյալ անվտանգության գոտու ստեղծման ծրագիրն իր խորքում նախատեսում է էթնիկ զտումներ՝ սիրիա-թուրքական սահմանի սիրիական հատվածում, որը ներկայում բնակեցված է քրդերով, ինչպես և սահմանի հակառակ կողմում: Իսկ թուրքական իշխանություններն իրենց ծրագրերում նպատակ ունեն Սիրիայի հյուսիսում ստեղծել միջանկյալ՝ բուֆերային գոտի՝ այն բնակեցնելով հիմնականում Անկարային լոյալ սուննի արաբներով, թուրքոմաններով և այլն:
- [b]Ձեր նշած գործողությունները համարվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այդպես չէ՞:[/b]
- Միանշանակ այդպես է: Ասեմ ավելին, այսօրվա Թուրքիայի գործողությունները հատկապես Սիրիայի հյուսիսում նաև սիրիահայ համայնքի դեմ իրենց հիմքում ևս ունեն ցեղասպանային բաղադրիչներ, ինչպես սրանից շուրջ 1 դար առաջ նրա իրավանախորդ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը՝ անշուշտ, նոր դրսևորումներով նոր խնդիրներին համահունչ և նոր գործիքակազմով. օրինակ, նույն Սիրիայում 2014թ. Քեսաբի հայ բնակչության դեմ ծրագրված հարձակումը ձախողվեց վերջնարդյունքի մասով:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ասորիների, հույների և հատկապես շուրջ 1,5 մլն հայերի ցեղասպանությունը ծրագրելով և իրականացնելով՝ Օսմանյան կայսրության իշխանությունները ձգտում էին սեփական խնդիրները լուծել տեղաբնիկ ժողովուրդներին արմատախիլ անելու եղանակով: Այսօրվա Թուրքիան հատկապես քրդերի հետ կապված խնդիրները նման տրամաբանությամբ լուծում է ինչպես սեփական տարածքում, այնպես էլ դրանից դուրս՝ նրանց կոտորելու, տեղահանելու, եղանակով: Սիրիայի երբեմնի քրդաբնակ Աֆրինում ստեղծված իրավիճակն ամենավառ օրինակն է, երբ առնվազն վերջին 3 դարերի ընթացքում քրդերով բնակեցված շրջանում այսօր գրեթե քրդեր չեն մնացել: Այսօր Աֆրինը վերաբնակեցվում է Թուրքիային լոյալ էթնիկ և կրոնական խմբերով, իսկ շրջանի հանրային կյանքի բոլոր ոլորտները կարգավորվում են Թուրքիայի որևէ վարչական միավորին բնորոոշ քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական և այլ մեխանիզմներին համապատասխան:
Ավելին, Թուրքիայի նման մոտեցումն ու գործելաոճն ընդօրինակվել է կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի կողմից՝ 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, Մարաղայում և այլ շրջաններում բնիկ հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանային գործողությունները նշվածի վառ ապացույցն են, իսկ հայատյացությունն Ադրբեջանում այսօր էլ համարվում է պետական գաղափարախոսության առանցքային բաղադրիչ:
- [b]Բայց չէ՞ որ միջազգային հանրությունը փորձում է զսպել Թուրքիայի գործողությունները:[/b]
- Որևէ առարկայական քայլ ես չեմ տեսնում, և դա շատ մտահոգիչ է։ Ափսոսանքով, դարձյալ պետք է հիշեցնեմ մեկդարյա վաղեմության դեպքերը, երբ Օսմանյան կայսրության ցեղասպան գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքն ընդամենը մի քանի տասնամյակ անց հանգեցրեց իր մասշտաբներով շատ ավելի մեծ աղետի: Ավելին՝ անգամ նորագույն պատմության ընթացքում նման դեպքերը եզակի չեն եղել:
Մերօրյա Թուրքիան բավականաչափ անկանխատեսելի է, վտանգավոր, ագրեսիվ, հավակնոտ, ամեն կերպ խուսափում է առերեսվել սեփական պատմության հետ, ավելին, վարում է անզիջում ժխտողական քաղաքականություն անգամ սպառնում է, լարվածություն ստեղծում ընդամենը մարդկության և պատմության առջև սեփական բարոյական պարտքը կատարած երկրների հետ հարաբերություններում: Իսկ բազմաթիվ, այդ թվում՝ կարևոր դերակատարներ շարժվում են սեփական նեղ շահերով՝ խուսափելով Թուրքիայի հետ հարաբերությունների սրումից:
- [b]Եվ նման կերպ ստեղծում նոր խնդիրներ, հավելյալ լարվածություն, այդպես չէ՞:[/b]
- Միանգամայն իրավացի եք: Գիտե՞ք, հանրապետական Թուրքիայի բոլոր իշխանությունները, նրանց վարած քաղաքականության հետևանքով՝ նաև թուրք հասարակության մի ստվար հատված անցած տասնամյակների ընթացքում ամեն կերպ խուսափել են առերեսվել սեփական պատմության հետ, ինչն ուղղակիորեն բավական լուրջ և տարաբնույթ բարդույթներ է առաջացրել հարևան երկրում: Այդ իրավիճակն այսօր էլ դրսևորվում է ինչպես Թուրքիայի ներսում՝ հասարակության տարբեր շերտերի, խմբերի փոխհարաբերություններում, այնպես էլ երկրից դուրս՝ հարևանների, անգամ մերձավոր դաշնակիցների հետ շփումներում: Մինչդեռ նույն Թուրքիայում պետք է վաղուց հասկանային, որ պատմական ճշմարտությունն ընդունելը, ժխտողականությունից հրաժարվելը, իրավանախորդների անունից իրենց հասարակության մի միավորից ներողություն հայցելը բացառապես իրենց իսկ շահերից է բխում՝ առավել ժողովրդավարական, տարաբնույթ խնդիրներից ձերբազատված պետություն ու հանդուրժողական, միասնական հասարակություն կառուցելու տեսանկյունից: Չէ՞ որ դրա վառ օրինակն էլ կա՝ Գերմանիան, որը ճիշտ ժամանակին ընդունելով սեփական սխալները՝ կարողացավ հիմք դնել և հասնել Եվրոպա աշխարհամասի, ինչու ոչ՝ ժամանակակից աշխարհի ամենաօրինակելի պետություններից և հասարակություններից մեկի ձևավորմանը:
Ի վերջո, դարձյալ պետք է հավաստեմ՝ թուրքական բոլոր պետությունների վարած և այսօր էլ իրականացվող վերոնշյալ քաղաքականությունը անհեռատես է և վաղ թե ուշ դատապարտված է ձախողման։ Դրա պատմական ապացույցն էլ կա։ Ոչ միայն չհաջողվեց թողնել «միայն մեկ հայ, այն էլ թանգարանում», այլ տրամագծորեն հակառակը՝ այսօր կան հայկական 2 պետություններ, ուժեղ Սփյուռք, իսկ Հայաստանը հնարավոր բոլոր ատյաններում առաջամարտիկն է մերօրյա աշխարհում մարդկության դեմ իրականացվող ոճրագործությունների դեմ պայքարում։
Նմանատիպ նյութեր
1686 դիտում
20:17 07-09-2022
Թուրքիան ցանկանում է շրջել պատմությունը և վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը. Հունաստանի արտգործնախարար
1898 դիտում
09:58 19-01-2015
Թուրք պատգամավորը խոստանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր