1142 դիտում
14:47 26-04-2019
ԵՊՀ-ում տեղի է ունենում սոցիալական ձռնարկատիրության զարգացման վերաբերյալ համաժողով. այն ուղեկցվում է ցուցահանդես-վաճառքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում այսօր տեղի է ունենում «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողով, որն ուղեկցվում է սոցիալական ձեռնարկությունների ցուցահանդես-վաճառքով:
Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված են սոցիալական խնդիրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, որի շահույթի մեծ մասը ծառայում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը:
«Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» (ՀՍՁԱ), «ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ձեռներեցության զարգացման կենտրոնի համատեղ այս միջոցառումը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոլորտի դերակատարներին քննարկելու սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգին առնչվող կարևորագույն խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։
Միջոցառումն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ղեկավարվող «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ծրագրի շրջանակում Եվրոպական միության և «ԷկոԼաբ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
ՍՁ ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին ՀՀ տարբեր մարզերում գործող ՍՁ-ներ: Նորաստեղծ ՍՁ-ների թվում են կարի արհեստանոցը, պլաստիկի վերամշակման գործարանը, հրուշակեղենի արտադրամասը, որոնք ստեղծել են մի քանի տասնյակ աշխատատեղեր, իսկ եկամտի առնվազն 50%-ն ուղղում են համայնքի խնդիրների լուծմանը:
Պաշտոնական բացման ժամանակ ելույթ ունեցավ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը՝ մաղթելով արդյունավետ քննարկում, որը կարող է պարբերական դառնալ:
«Ուրախ եմ, որ ԵՊՀ-ն դառնում է համապետական ներուժի համախմբման հարթակ»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ հրաշալի է ցուցահանդեսի ժամանակ տեսնել այդ բոլոր բիզնեսները:
Ըստ նրա՝ ԵՄ պատվիրակությունը հետաքրքրված է այս ոլորտով և իր գործունեությունն է ուղղում սոցիալական և համայնքային օժանդակությանը:
«Վերջին տարիների ընթացքում ինձ հետաքրքիր է հետևել ոլորտի առաջընթացին, այս միջոցառումը դրա մի մասն է»,- ասաց Ստանիսլավ Տոշկովը:
«Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» տնօրեն Սաթենիկ Բադեյանը խոսեց պետական մարմինների, բիզնես սեկտորի և քաղաքացիական հասարակության համագործակցության մասին, որն ուղղված կլինի սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ու կայացմանը:
«Դեռ շուտ է խոսել այն մասին, որ ոլորտը կայացած է, բայց մենք ունենք կայացած մոդելներ, որոնք կարելի է տարածել այլ համայնքներում: Այդ նպատակով մենք ձեռնարկեցինք այս համաժողովը»,- ասաց Սաթենիկ Բադեյանը:
Նա անդրադարձավ նաև ՍՁ կրթության խնդիրներին՝ նշելով, որ արդեն կա հայալեզու ձեռնարկ, ինչը նշանակում է, որ նախանշվում է խնդիրների լուծման ուղին:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Զադոյանը կարևորեց ՍՁ-ների դերը՝ նշելով դրանց մեծ ներուժը:
«ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի տնօրեն Յանա Մկրտչյանը ՍՁ-ների զարգացումն ու կայունացումը համարեց իրենց հիմնադրամի ռազմավարական ճյուղերից:
«Նշեմ նաև, որ մենք սկսեցինք մտածել ոլորտի մասին և դարձանք այս ժողովի նախաձեռնողներից մեկը, քանի որ շահագրգռված ենք խոսելու խնդիրների մասին և քարտեզագրելու ներուժը»,- ասաց Յանա Մկրտչյանը:
Բացումից հետո համաժողովը շարունակվեց պանելային քննարկումներով, որոնց հիմնական թեմաներն են Սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգը և ոլորտի զարգացմանն աջակցող մեխանիզմները, ՍՁ իրավական կարգավորման հարցերը, ՍՁ կրթության խնդիրներն ու զարգացման հնարավորությունները:
Համաժողովին որպես բանախոս մասնակցում են ինչպես ՀՀ տարբեր մարզերի սոցիալական ձեռնարկատերեր, այնպես էլ ԱԺ պատգամավորներ, ոլորտին առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, դաշտում ներդրումներ անող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի հիմնական նպատակն է ցույց տալ ՍՁ-ների դերը համայնքների զարգացման գործում, ապահովել ոլորտում փորձի փոխանակումը, խոչընդոտների վերհանումը և դրանց լուծման տարբերակների քննարկումը, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների ու հայեցակարգերի նախանշումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3027 դիտում
22:34 18-01-2014
ԱՄՆ-ում մարիխուանայի վաճառքով զբաղվող խանութներն օրական 1 մլն դոլարի շահույթ են ունենում
1752 դիտում
21:18 11-12-2019
Հաշմանդամություն ունեցող երեխաներն ԱԺ-ում ցուցահանդես-վաճառքով ներկայացրել են իրենց աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին