211652_close_icon
views-count1178 դիտում article-date 14:51 30-04-2019

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով

ԵՄ Էրազմուս+ «Հայաստանի բուհերի միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով: Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Գրիշա Թամրազյանը, ՀՀ բուհերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրի շրջանակում համագործակից օտարերկրյա 5 բուհերի ներկայացուցիչներ, թվով՝ շուրջ 100 պատվիրակ: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայումս Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը գտնվում է անցումային և փոփոխությունների փուլում, որը պայմանավորված է համակարգի առջև ծառացած նոր մարտահրավերներով: «Դրանց արագ արձագանքման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան բարենպաստ միջավայր՝ միտված մրցունակ և որակյալ բարձրագույն կրթության ապահովմանը: Այդ նպատակով անհրաժեշտ է՝ ընդլայնել բուհերի ակադեմիական ազատությունները, մեծացնել բուհերի ինքնավարությունը, թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը, ձևավորել նոր կառուցակարգեր, որոնք լավագույնս կարտացոլեն ուսանողների տարատեսակ պահանջմունքները, ինչպես նաև ուժեղացնել բուհերի հետազոտական կարողությունները, որոնք կնպաստեն նաև կրթություն-գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանը: Անհրաժեշտ է նաև վերանայել բարձրագույն կրթության և հետազոտության ֆինանսական մեխանիզմները և սկզբունքները, բարձրացնել Հայաստանի բարձրագույն կրթության և հետազոտության միջազգային տեսանելիությունը և գրավչությունը: Միաժամանակ նշեմ, որ բարձրագույն կրթության և հետազոտության բնագավառը կանոնակարգող նոր օրենքի նախագծով նախատեսվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, որոնք միտված են վերոհիշյալ ուղղությունների և նպատակների իրականացման համար անհրաժեշտ կարգավորումների և հիմնարար պայմանների ստեղծմանը, այդ թվում՝ կրթական ծրագրերի բովանդակության միջազգայնացմանը, համատեղ կամ կրկնակի որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացմամբ օտարերկրյա բուհերի հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը և բարձրագույն կրթության ու հետազոտության մրցունակության խթանմանը: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացումը՝ առանց որակյալ բարձրագույն կրթության ծրագրերի և միջազգայնորեն մրցունակ հետազոտական միջավայրի առկայության, ներկայումս անհնար է դիտարկել: Բարձրագույն կրթության միջազգայնացումը խթանելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան բարենպաստ միջավայր, որը ներառում է ինչպես ֆինանսական ապահովվածությունը և մարդկային ռեսուրսների արդյունավետ ներդնումը, այնպես էլ իրավական կարգավորումները, միջազգայնացման ոլորտում սահմանված ռազմավարությունը և համապատասխան կառուցակարգերը: Այս ամենն ինքնին ենթադրում է բարձրագույն կրթության և հետազոտության միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակի հստակեցում, միջազգայնացման ինստիտուցիոնալ ռազմավարությունների ուղենիշների ապահովում, բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային հարթակի ձևավորում և համապատասխան գործիքակազմերի ստեղծում»,-նշել է նախարարը՝ աշխատաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք: Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան: Այնուհետև աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են բուհերի միջազգայնացման ռազմավարության ուղղությամբ BOOST ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարությունը: Լիսաբոնի բարձրագույն տեխնիկական համալսարանի և Ստոկհոլմի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտի ներկայացուցիչներ ներկայացրել են եվրոպական լավագույն փորձը և համապարփակ միջազգայնացման համատեքստում ինստիտուցիոնալ պարտավորությունների և շահագրգիռ կողմերի ներգրավման հարցերը: Աշխատաժողովին ներկայացվել են նաև «Study in Armenia» պլատֆորմի և այն` որպես մարքետինգային գործիք կիրառելու հնարավորությունները: Նշենք, որ ERASMUS+ BOOST եռամյա (2016-2019թթ.) ծրագրի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը:

Նմանատիպ նյութեր