211652_close_icon
views-count1370 դիտում article-date 23:21 02-05-2019

Հալեպի ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել հանդիպում Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի հետ

Մայիսի 1-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ հանդիպում Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի (հոգևոր առաջնորդ) Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Ahmad Badr Al-Din Hassoun) խորհրդական Բասել Կաս Նասրալլահի (Basel Kas Nasrallah) հետ: Հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց սիրիահայ համայնքի կառուցողական դերակատարությունն ու անգնահատելի ավանդը Սիրիայի շենացման և բարգավաճման գործում: Բասել Կաս Նասրալլահը Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին փոխանցեց Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթիի երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերը՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ, միաժամանակ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքները թե առողջապահության, և թե հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին նշեց, որ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Դամասկոսում և Հալեպում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատել են ողջ թափով` Սիրիայի ժողովրդի հետ հավասարաչափ կիսելով պատերազմի ողջ զրկանքներն ու դառնությունները: Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից բազում մարդասիրական օգնություններ են ուղարկվել Սիրիայի բարեկամ ժողովրդին` այն դիտարկելով առաջին հերթին որպես բարոյական պարտքի դրսևորում: Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի և վստահության համար, նշեց, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից, և, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության եղբայրական աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայում բնակվող ժողովրդի հոգսերի թեթևացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների մատուցմանը:

Նմանատիպ նյութեր