211652_close_icon
views-count4085 դիտում article-date 12:03 04-05-2019

Դպրոցների տնօրենները պատասխան են տալիս «Քաղաքացու օրվա» միջոցառումներին չմասնակցելու համար

Լոռու մարզի դպրոցների տնօրեններին են զանգահարել Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության աշխատակիցները եւ բացատրություն պահանջել, թե ինչու ներկա չեն գտնվել եւ չեն մասնակցել «քաղաքացու օրվա» մասսայական տոնակատարությանը: Այս մասին հաղորդում է «[url=https://loritv.am/news/region/dprots-neri-tnorennere-pataskhan-en-talis-k-aghak-ats-ow-orva-mijots-arhowmnerin-ch-masnakts-elow-hamar]Լոռի[/url]» հեռուստաընկերությունը, որը նամակ է ստացել դպրոցների տնօրեններից: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի խմբագրություն, Վանաձորում, «Քաղաքացու օրվան» նվիրված մասսայական միջոցառումներին, դպրոցների տնօրենների հիմնական մասը չի մասնակցել: Մեզնից մի մասը կարծել էր, որ դա նաեւ մե՛ր օրն է եւ տնօրինել ենք այնպես, ինչպես հարմար ենք գտել: Սա նորմալ կդիտվեր, եթե Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության աշխատակիցները չզանգեին եւ ճշտումներ չպահանջեին դպրոցների տնօրեններից, թե ինչու ներկա չեն գտնվել եւ չեն մասնակցել մասսայական տոնակատարությանը: Ստացվում է, որ մեր մարզում ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, նախկինում էլ նման միջոցառումներին իշխանությունները պարտադրանքով էին մասնակցություն ապահովում, հիմա էլ շարունակում են ճնշումներ գործադրել, բացատրություն պահանջել իրենց ենթակայության տակ գտնվող տնօրեններից, այս դեպքում՝ մեզնից: Մենք վիրավորված ենք նման վերաբերմունքից, ուզում ենք բարձրաձայնել իրավիճակը, մտավախություն հայտնելով, որ, եթե այս անգամ միջոցառումներից հետո են եղել ճնշող եւ ճշտումներ պահանջող զանգեր, հետագայում էլ այլ ճնշումներ կլինեն եւ արդեն նախապես, միջոցառումներից առաջ այլեւայլ պարտադրանքներով: Այսինքն, ինչ է ստացվու՞մ, ճնշումներից, պարտադրանքներից խուսափել հնարավոր չէ՞, ինչու է վերադասի կողմից տնօրենների ոչ միայն աշխատանքը վերահսկվում, այլեւ տոնական օրը: Չէ որ քաղաքացու օրը արժանապատիվ քաղաքացիներ ունեցող երկրի տոնն է»: Իր կողմից հեռուստաընկերությունը նշել է. «Տնօրենները նախկին գործընկերոջ հոգեհանգստի ժամանակ են բացահայտել, որ երեւույթը համատարած բնույթ է կրել եւ որոշել են դիմել խմբագրություն: Նրանք վստահելով մեզ, խնդրեցին առայժմ իրենց անունները չհրապարակել, եւ հնարավոր է, որ հաշվեհարդարներ լինեն: Վստահ ենք, որ հերթական անգամ «ապատեղեկատվություն» որակելուց առաջ մարզային իշխանությունները կվերանայեն իրենց դիրքորոշումը եւ վերաբերմունքը տնօրենների հանդեպ»:

Նմանատիպ նյութեր