211652_close_icon
views-count3610 դիտում article-date 14:50 15-05-2019

Լավագույն խմբի պետ է ճանաչվել Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի խմբի պետ Տիգրան Ասատրյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2018 թվականին «Լավագույն խմբի պետ (հրամանատար)» է ճանաչվել Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Տիգրան Ասատրյանը։ Տիգրանի մասնագիտական կարիերայում մեծ դեր են խաղացել հարազատ բուհը՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, եւ իր առաջին՝ Երեւանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Արթուր Դարբինյանը, որոնց շնորհիվ սովորել է հավասարակշռել գիտելիքն ու ռիսկը, հաղթահարել վախերը։ Արդեն 11 տարի փրկարար ծառայող է։ Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների Հայաստանում եւ արտերկրում։ Զբաղեցնելով հրշեջից մինչեւ խմբի պետի պաշտոնները՝ փորձառու փրկարարը մի բան է հասկացել՝ նյութական կորուստը վերականգնել կարող ես, առողջությունդ՝ երբեք։ Այդ համոզմունքով է առաջնորդվում ամեն անգամ, երբ իր խմբի տղաները դեպքի վայր են մեկնում։ «Փրկարարը զինվորի պես է․ իր հայրենակիցների պաշտպանությունից վեր ոչինչ կա նրա համար։ Սակայն չպետք է մոռանալ, որ մեզ տանը սպասում են։ Էմոցիաները միշտ խանգարում են, դրդում չմտածված քայլերի։ Սա հատկապես դրսեւորվում է երեխաներին վերաբերող ահազանգերի դեպքում»,- նշում է Տիգրանը։ Դեպքից հետո սովորաբար մի սեղանի շուրջ են հավաքվում, ամեն մեկն իր դիտարկումն ու առաջարկն է անում։ Ծանր աշխատանքային օրվա լարվածությունը միայն հումորն է թոթափում, որի պակասը ջոկատում չի զգացվում։ Երբեմն փրկված քաղաքացիների հետ մտերմիկ կապ է ստեղծվում։ Զանգահարում են, հարցնում տղաների որպիսությունը։ Տիգրանը ժպիտով վերհիշում է․ «Տարիներ առաջ Նոր Նորքի հանրակացարաններից մեկում նավթավառ էր վառվում։ Բոլորին տարհանելուց հետո գործն ավարտեցինք, արտասահմանցի ուսանողների ամբոխը երկու մասի բաժանվեց ու մեզ ծափերով ճանապարհ տվեց։ Այդ զգացումն անմոռանալի է»։ Երիտասարդ փրկարարը նաեւ երկու որդու՝ Նարեկի եւ Եղիշեի սիրելի հերոսն է։ Կրկնօրինակում են նրան, սեփական փրկարարի համազգեստով մասնակցում բոլոր միջոցառումներին։ Ավագը՝ Նարեկը, ջոկատի մշտական այցելուն է․ բոլոր աշխատակիցներին անուններով գիտի, հարկ եղած դեպքում տարբեր հարցերի շուրջ նույնիսկ վիճաբանության է բռնվում։ Աշխատանքից ազատ ժամանակը հայրը երեխաների դաստիարակությանը եւ ընտանիքով ճամփորդություններին է նվիրում։ Խոստովանում է՝ լիարժեք հանգիստ միայն իր հարազատ Հացավանում է գտնում։ Գյուղը փոքր է, մարդիկ արտագնա աշխատանքով են ապրուստ վաստակում։ Տիգրանի խոսքով՝ համայնքապետարանն այս տարի որոշել է ակումբային տարածքներ ստեղծել, որոնք որպես ժամանցի վայր կծառայեն։ Ինքն էլ է որոշել լումա ունենալ, զբոսաշրջային զարգացման ծրագիր է մշակել։ «Նպատակ ունեմ վերականգնելու մեր պատմությունը։ Հացավանի ճանապարհային հատվածից ամբողջ Գեղամա լեռնաշղթան է երեւում, Արագածն ու Արարատը։ Երկու հուշակոթող, իջեւանատեղի, նույնիսկ՝ ամրոցի մնացորդներ ունենք, որի տարածքում 1950-ականներին պեղումներ են կատարվել եւ արժեքավոր իրեր հայտնաբերվել։ Քչերը գիտեն, որ պատերազմի տարիներին հացավանցիները հացահատիկի ողջ հասույթով Նելսոն Ստեփանյանի համար մարտական ինքնաթիռ են գնել»,- հպարտությամբ ամփոփում է փրկարարը։ Անի ԱՆՏՈՆՅԱՆ Հ.Գ. «Արիության համաստեղություն-2018» մրցույթի այլ հաղթողներ. «Լավագույն հերթափոխի պետ-2018»․ Արա Մեսրոպյան «Լավագույն փրկարար-2018»․ Կարեն Ավետիսյան «Լավագույն լեռնափրկարար-2018»․ Պողոս Հակոբյան «Լավագույն հրշեջ-փրկարար-2018». Մարատ Միրզոյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր