211652_close_icon
views-count1116 դիտում article-date 19:28 23-05-2019

Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը առաջին անգամ հանդես կգա Երևանում

Մայիսի 28-ին առաջին անգամ Երևանում հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակը: Ոգեշնչող կատարումները, լուսաշող ձայնն ու բացառիկ երաժշտականությունը գրեմմիակիր «Պարկեր» քառյակի լավագույն բնորոշումներն են։ Հիմնադրվելով 2002թ.-ին, խմբին հաջողվեց արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը, տարբերվելով դինամիկ մեկնաբանություններով և հղկված ու ընդարձակ գունագեղությամբ: 2017-2018թթ-ի իրենց խիստ ծանրաբեռնված, ողջ Հյուսիսային Ամերիկայով ձգվող շրջագայությամբ, Պարկեր քառյակը ավարտեց Հարվարդի համալսարանում իր հյուր-անսամբլի 4-րդ տարելիցը։ Քառյակի 2018-2019թթ-ի համերգաշրջանը, որը դեռ իր բուռն ընթացքի մեջ է, հանդիսատեսի ուշադրությունն է ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ ամենահեղինակավոր համերգասրահներում: Քառյակի վերջին նախագծերից են «Շուբերտի Էֆֆեկտը»՝ իրականացված «92nd Street Y» մշակութային կենտրոնում` դաշնակահար Շաի Ուոզների հետ, ամերիկացի կոմպոզիտոր Ավգուստա Ռիդ Թոմասի լարային քառյակի պրեմիերան՝ Հարվարդի համալսարանում իրենց ամենամյա համերգաշարի շրջանակներում, ինչպես նաև ելույթները Քարնեգի համերգասրահում, Կոնգրեսի գրադարանում, Բաֆըլոյի Սլի համերգաշարը և Նյու Յորքի Լինքոլն համերգասրահի «Մեծն կատարողներ» շարքը։ Պարկեր քառյակը յուրահատուկ է նաև «Nimbus»-ի, «Zig-Zag Territoires»-ի, «Innova Records»-ի և «Naxos»- ի հետ թողարկած իր ձայնագրություններով։ Պարկերի՝ Մենդելսոնի Op. 44, թիվ 1 and 3 քառյակների՝ վերջերս լույս տեսած ձայնագրությունն արժանացել է միջազգային մամուլի բարձրագոչ արձագանքներին։ Կարևոր իրադարձություն էր նաև Բարտոկի թիվ 2 և 5 լարային քառյակների կոմերցիոն ձայնագրությունը «Zig-Zag Territoires»-ի հետ, որին հետևեց Gramophone-ի գովեստը․ «Պարկերի՝ Բարտոկի կատարումները ստեղծում են համպատրաստի իմպրովիզացիայի հրաշք մի տպավորություն․․․ նրանք ամբողջությամբ կլանել են նրա լեզուն, տիրապետում են բավականաչափ ինքնավստահության՝ ազատ խաղալու երաժշտության հետ, ինչպես նաև այն հանդիսատեսին հասցնելու յուրահատուկ բնազդին»: «Naxos»-ի հետ իրենց Գյորգի Լիգետիի լարային քառյակի համար գրված ստեղծագործությունների ձայնագրությունն 2011-ին արժանացավ Գրեմմի մրցանակի՝ լավագույն կամերային կատարում անվանակարգում` սրանով դառնալով վերջին քառյակը, որը մրցանակի է արժանացել այս անվանակարգում։ 2016թ․-ի ապրիլին Nimbus Records-ում թողարկվեց «Of Being is a Bird»-ի համար Ավգուստա Ռիդ Թոմասի գրած «Helix Spirals» ստեղծագործության ձայնագրությունը։ Քառյակը վերջերս համագործակցում է հայտնի ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ, ում հետ էլ այս համերգաշրջանի ընթացքում մի քանի ձայնագրություն կթողարկի։ Նրանք նաև հանդիսանում են հայազգի երաժշտի «Երաժշտությունը սննդի համար» նախագծի խոշոր աջակիցը՝ ԱՄՆ-ում, հանդես գալով մի շարք համերգներով՝ ի նպաստ սննդի կարիք ունեցող անապահով մարդկանց։ Գործընկեր այլ երաժիշտներից են ջութակահար Նադյա Սալերնո-Սոննեբերգը, դաշնակահար Անն-Մարի Մաքդերմոտը, Մետաքսի ճանապարհ անսամբլի անդամները, Տոկյո լարային քառյակի հիմնադիր Կիկուեի Իկեդան, կլարնետահար և կոմպոզիտոր Յորգ Ուիդմանը, ինչպես նաև կլարնետահար Չարլզ Նայդիխը։ Հիմնադրված լինելով և այժմ էլ գործելով Բոստոնում՝ Պարկեր քառյակն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են հաղթանակը համերգային երաժիշտների Գիլդ մրցույթում, Բորդոյի լարային քառյակի միջազգային մրցույթի Գրան Պրի և Մոցարտ մրցանակները, ինչպես նաև «Chamber Music America»-ի Քլիվլենդ քառյակի մրցանակը։ Այժմ հանդիսանալով Հարվարդի համալսարանի երաժշտության բաժնի և Հարավային Կարոլինայի համալսարանի երաժշտական քոլեջի մշտական երաժիշտներ, քառյակը նախաձեռնություններ և ելույթներ է իրականացրել նաև ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր համալսարաններում: Պարկեր քառյակի անդամները Նյու Ինգլընդի երաժշտական կոնսերվատորիայի և Ջուլիարդի երաժշտական քոլեջի շրջանավարտներ են, նրանք նաև անցել են Նյո Ինգլընդի կոնսերվատորիայի պրոֆեսիոնալ լարային քառյակի դասընթացը։ Քառյակի ամենանշանավոր ուսուցիչներից են Քլիվլենդ քառյակի սկզբնական անդամները, Քիմ Քաշքաշյանը, Գյորգի Կուրտագը, Զախար Բրոնը, Ռոբերտ Լիպսետը, Մարկ Շտայնբերգը և Ռայներ Շմիդտը։ Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդեց Իվո Պոգորելիչի մենահամերգը: Մայիսի 28-ին ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ ելույթին կհաջորդի Ամադինդա հարվածայինների խմբի համերգը` հունիսի 19-ին: Փառատոնին աջակցում է ;Իմ քայլը բարեգարծական հիմնադրամը:

Նմանատիպ նյութեր