211652_close_icon
views-count2303 դիտում article-date 17:38 24-05-2019

Վալոդյա Ֆրանգուլյան. Հեշտ հաղթանակներ չեմ ունեցել

Ազատ ոճի ըմբշամարտի 2015թ. մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, 2017թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմեց վնասվածքից հետո մրցագորգ վերադառնալու, առաջիկա նպատակների, կարիերարում վերելքների ու վայրէջքների մասին: -Մեդալներ նվաճել ես բոլոր տարիքային հավաքականներում, բայց կարիերայիդ գագաթնակետը համարվում է 2015 թվականը, երբ նախ հաղթեցիր Ալեքսանդր Մեդվեդի մրցաշարում, ապա նվաճեցիր Եվրոպայի Մ-23 չեմպիոնի կոչումը: Դրանից հետո քո մարզական կարիերան որոշակի անկում ապրեց, ի՞նչ փոխվեց: [b]-2015-ին տարեսկզբից շատ լավ հանդես եկա, ամեն ինչ ստացվում էր թե՛ մարզումների, թե՛ մրցաշարերի ժամանակ: Հետո Եվրոպական խաղերում պարտվեցի հենց առաջին գոտեմարտում, դրանից հետո հաղթեցի Ստեփան Սարգսյանի մրցաշարում, իսկ սեպտեմբերին Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնությունում նույնպես պարտվեցի: Ինձ թվում է, որ պետք է միանգամից փոխեի քաշային կարգս, քանի որ 2016-ը օլիմպիական տարի էր: Ցանկանում էի մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց չփոխեցի քաշային կարգս ու անկում ապրեցի իմ գագաթնակետին: [/b] -Ըստ քեզ՝ այդ անկումը հոգեբանակա՞ն պատճառներ ուներ, թե՞ զուտ մարզումային: [b]-2015-ին հաջողություններից հետո տեսնում էի, որ կարող եմ Լաս Վեգասում դառնալ աշխարհի չեմպիոն, որը իմ նպատակներից մեկն էր: Դրա համար ուշացրեցի քաշային կարգս փոխելը, քանի որ մտածում էի, որ կմասնակցեմ աշխարհի առաջնությանը, իսկ հետո կտեղափոխվեմ 65 կգ քաշային կարգ, սակայն ԱԱ-ում հաղթել չստացվեց: Դրանից հետո եւս 3 տարի չփոխեցի քաշային կարգս՝ չնայած եղել են որոշ մրցաշարեր, որտեղ հանդես եմ եկել 65 կգ քաշային կարգում: 2018-ից որոշեցի, որ պետք է մրցեմ օլիմպիական քաշային կարգում, քանի որ գործող կանոններով 57-ում չէի կարող գոտեմարտել: Բարդ է 7-8 կգ քաշ գցել եւ լավ հանդես գալ, այդ պատճառով որոշեցի ուժերս փորձել 65-ում եւ պայքարել Օլիմպիական խաղերի համար: [/b] -Կարծիք կա, որ 61 կգ քաշային կարգն իդեալական էր քեզ համար, այնինչ 65-ում կան որոշակի խնդիրներ՝ հատկապես մասսայի հետ կապված: [b]-61 կգ քաշային կարգն իդեալական էր, քանի որ երկար տարիներ այդ քաշային կարգում էի հանդես գալիս: Հետո սկսեցի տարբերություն զգալ օլիմպիական եւ ոչ օլիմպիական քաշային կարգերում: Ցանկացած մարզիկի երազաքը Օլիմպիական խաղերին մասնակցելն է, ինչու ոչ՝ նաեւ հաղթելը: Մտածում էի, որ ավելի լավ է 1-2 տարի այնքան էլ լավ հանդես չգամ, բայց հետո կարողանամ մասնակցել Օլիմպիական խաղերին, քան 61 կգ քաշային կարգում մարզվեմ առանց այդ հնարավորության, այդ մտքերով: Իսկ մասսայի ու ֆիզիկականի խնդրի մասին կարող եմ ասել, որ ես երբեք էլ ֆիզիկապես հզոր չեմ եղել, բայց տեխնիկատակտիկականի շնորհիվ կարողացել եմ հասնել արդյունքի ու, անկեղծ ասած, չեմ պատկերացնում՝ ֆիզիկապես ուժեղ լինելով ինչպես եմ գոտեմարտելու, այդ ոճն իմը չէ: [/b] -Թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում քո քաշային կարգում (65 կգ) մրցակցությունը շատ բարդ է: Դա ավելի՞ է մոտիվացնելու քեզ: [b]-Հայաստանում Վազգեն Թեւանյանը, Դավիթ Սաֆարյանը, Վարդգես Կարապետյանը, Նարեկ Սիրունյանն արժանի մրցակիցներ են, ոչ մեկի չեմ թերագնահատում: Կարող եմ ասել նաեւ, որ ինչ-որ քաշային կարգում բարդ մրցակցությունը հանգեցնում է նրան, որ հետո այդ քաշային կարգից Հայաստանը մեդալներ է նվաճում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում: Դա լրացուցիչ խթան է, որպեսզի մարզվես, քանի որ ամեն պահի մրցակիցներդ կարող են առաջ անցնել քեզանից: Ես մանկուց սովոր եմ դրան, այնպես է ստացվել, որ աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդական առաջնություններում, որտեղ ես հանդես եմ եկել, մասնակցում էին նաեւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի մրցանակակիրներ: Դա ավելի փորձառու է դարձում քեզ: Ցանկացած դժվարություն բերում է հաղթանակի, իսկ հեշտ հաղթանակներ դեռ չեմ ունեցել: Եվ ինձ չի թվում՝ որեւէ մեկն ունեցել է: [/b] -Հայաստանում ո՞ւմ հետ է գոտեմարտելն է ամենաբարդը քեզ համար: [b]-Ո՛չ Վազգենի, ո՛չ Դավիթի հետ չեմ գոտեմարտել: Չեմ ցանկանում առանձնացել, բայց ոչ մեկի հետ հեշտ չի լինելու ու այնպես չէ, որ բոլորին ես մեծ առավելությամբ եմ հաղթել: Եղել է, որ հաղթել եմ հավասար գոտեմարտում, բայց կարեւորը արդյունքն է, թե ինչպես եւ ում կհաղթեմ՝ երկրորդական է: [/b] -7 ամսվա դադարից հետո ինչպե՞ս ես զգում գորգում: [b]-Ծանր գոտեմարտեր էին: Չեմ ասի, որ մրցակիցներս փորձառու չէին, այս մրցաշարը ինձ հոգեբանորեն օգնեց, որ հասկանամ՝ վախը կորցրել եմ, չզգուշանամ: Ուրախ եմ, որ վերադարձա մեդալով, բայց ընդհանուր արդյունքից դժգոհ եմ: [/b] -Եզրափակչում ի՞նչը չհերիքեց: [b]-2 անգամ սխալ թույլ տվեցի, չհամբերեցի եւ պարտվեցի: Լիովին պատրաստ չէի մրցման, բայց դա արդեն անցյալում է, կփորձեմ Եվրոպական խաղերին անել ավելին եւ լինել մարզավիճակիս գագաթնակետին: [/b] -Վերջնական նպատակը Տոկիո՞ն է: [b]-Չեմ ցանկանում առաջ ընկել: Ամեն ինչ կանեմ, որպեսզի նվաճեմ Օլիմպիական խաղերի ուղեգիր:[/b]

Նմանատիպ նյութեր