211652_close_icon
views-count2195 դիտում article-date 11:03 28-05-2019

Դժվար է պատկերացնել՝ ինչ կլիներ մեր ժողովրդի հետ, եթե 1918-ին չկազմավորվեր Հայաստանի Առաջին Հանրապետությունը. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այսօր տոն է բոլոր հայերի համար՝ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, հայրենիքում թե նրա սահմաններից դուրս: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ մեր ժողովրդի հետ, եթե 1918-ին չկազմավորվեր Հայաստանի Առաջին Հանրապետությունը, եթե մեր պապերը հերոսաբար չկանգնեին թշամու դեմ ու չկերտեին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի փառավոր հաղթանակները: Այդ հաղթանակներն անհավանական ու անհավատալի էին շատերի համար, շատերի, բայց ոչ մեզ համար: Դեռ նոր ցեղասպանություն տեսած, հող ու հայրենիք կորցրած հայ ժողովուրդն այլընտրանք չուներ, պետք է շտկեր կորացած մեջքը եւ շարունակեր իր բազմադարյա ուղին, շարունակեր արժանապատվորեն եւ հային վայել կեցվածքով: Այդպես եղավ նաեւ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ համայն հայությունը միավորվեց՝ թույլ չտալով նոր ցեղասպանություն, միավորվեց ու շարունակեց մայիսյան հաղթանակների շարքը, ազատագրեց հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին, պաշտպանեց ու շենացրեց նախնիների հողը: Այսօր բոլորիս պարտքն է միահամուռ ուժերով անել ամեն ինչ հայոց անկախ պետականությունը շարունակաբար զորացնելու, մայր Հայրենիքը զարգացնելու, մեր Եռամիասնությունը միշտ անսասան պահելու ուղղությամբ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»:

Նմանատիպ նյութեր