211652_close_icon
views-count10421 դիտում article-date 19:14 01-06-2019

«Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնը հունիսը հայտարարել է երեխաների պաշտպանության ամիս.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնը հունիսը հայտարարել է երեխաների պաշտպանության ամիս: Կենտրոնը վերականգնողական ծառայություններ է տրամադրում տարեկան մոտ 200 երեխաների, որոնք ունեն զարգացման հապաղումներ և տարաբնույթ սոցիալական խնդիրներ: «Երեխաների իրավունքների պաշտպանությունը, խոցելի խմբերում գտնվող երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծումը, մեր ամենօրյա աշխատանքն է։ Մենք կարծում ենք, որ երեխաներին և նրանց ծնողներին աջակցել պետք է տարվա բոլոր՝365 օրերին, ուստի 2017թ-ին ստեղծեցինք «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոնը»,-ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը։ Հիմնադրամի բակում կազմակերպված հունիսմեկյան միջոցառման ուշադրության կենտրոնում հիմնականում եղել են հաշմանդամություն ունեցող երեխաները, բայց ավանդույթի համաձայն, դարպասները բաց են եղել բոլոր երեխաների առաջ: Նրանք գունավորել են գիպսե արձանիկները, շփվել հեքիաթների հերոսների և ծաղրածուների հետ, հյուրասիրվել հատուկ օրվա առթիվ պատրաստված թխվածքաբլիթներով, դիտել մանկական ներկայացում, համերգային ծրագեր ու «Վարպետաց դպրոց» նախագծին մասնակցած երեխաների նկարների ցուցահանդեսը: «Վարպետաց դպրոց» նախագիծը «Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է 2018թ-ի դեկտեմբերից: Ծրագրի առաջին փուլին մասնակցել են նկարելու հմտություններ ունեցող տաղանդավոր երեխաները: Նրանց վարպետության դասեր է տվել ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը: Ամռան առաջին ամսվա ընթացքում հիմնադրամի «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնը կազմակերպելու է բազմաթիվ միջոցառումներ՝ երեխաների համար՝ երեխաների մասնակցությամբ: «Շահագրգիռ կողմերի հետ լինելու են քննարկումներ՝ խոցելի իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության, հասանելի միջավայրի ստեղծման խթանման ուղղությամբ: Իսկ կենտրոնում վերականգնողական ծառայություններ ստացող երեխաների ցանկությամբ, կազմակերպվելու են հանդիպումներ երգարվեստի, հումորի և մարզաշխարհի հայտնի դեմքերի»,-ասել է «Լուսէ» կենտրոնի ղեկավար Գոհար Գալստյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր