211652_close_icon
views-count2420 դիտում article-date 21:28 04-06-2019

Խաչատրյանի մրցույթի բացման համերգին ելույթ կունենան դաշնակահար Հայկ Մելիքյանը և Խաչատրյանի անվան եռյակը

Հունիսի 6-ին Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգային ծրագրում կհնչեն նաև Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Գեորգս Պելեցիսի դաշնամուրային տրիոյի և նվագախմբի համար գրված Բագատելը՝ նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ։ Խաչատրյանական հոբելյանական մրցույթի բացման արարողությանը կներկայացվեն մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթն այս տարի կայանալու է դաշնամուր մասնագիտությամբ։ Մրցույթի առաջին փուլին մասնակցելու իրավունք է ստացել աշխարհի 12 երկրի 30 դաշնակահար, որոնք ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Նմանատիպ նյութեր