211652_close_icon
views-count2137 դիտում article-date 22:48 07-06-2019

Երբ է վարչապետը կոչ անելու արգելափակել ՀՔԾ և դատախազության մուտքերն ու ելքերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրատվամիջոցների փոխանցմամբ ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա: Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգի ռեֆորմներից զատ այս գործընթացը պարզապես կարող է կիրառվել որպես արհեստական գործիք կախյալ դատական համակարգ ստեղծելու համար, այլապես առանձին դատավորների հարցը կարելի էր կարգավորել կարգապահական վարույթների և հայտարարագրման համակարգի կատարելագործման, իսկ ակնհայտ ապօրինի որոշումների պարագայում՝ քրեաիրավական ճանապարհով: Դատաիրավական համակարգի բարեփոխման հստակ հայեցակարգի և ծրագրային քայլերի բացակայության պայմաններում վեթինգի կիրառումը նշանակում է ստեղծել լրացուցիչ լծակներ դատավորների նկատմամբ ներգործության համար, որպեսզի այնտեղ ևս լինեն միայն «մերոնքականներ»: Վեթինգի կիրառումը չի կարող տալ դրական արդյունք, եթե չի իրականացվում դատաիրավական համակարգի բարեփոխում՝ համակարգի անկախության և արդյունավետ գործունեության երաշխավորված նախադրյալներ ստեղծելու միջոցով: Եվ եթե նույնիսկ դատական համակարգից օտարվեն թերացումներ և բացթողումներ թույլ տված 15-20 դատավորը, վստահությունը համակարգի նկատմամբ դրանով չի վերականգնվելու: Որովհետև գործելու է նույն դատական համակարգը, իսկ մինչ դատարան հասնելը գործերը քննելու են նույնքան ցածր վստահության գործակից ունեցող նախաքննական մարմիններն ու դատախազությունը: Եվ հայտարարությունները, որ մեզ պետք չեն կախյալ դատարաններ, մեզ պետք չեն խամաճիկներ, այդպես էլ մնալու են հայտարարություններ: Իսկ հավաստիացումները, որ դատարանները արգելափակելու որոշումը գործադիրի կողմից դատական համակարգի որոշումների հետ կապ չունենալն ի ցույց դնելու համար էր, որ արգելափակման նպատակը մարիոնետային դատական համակարգի մերժումը ցույց տալու համար էր, վկայում է, որ իսկապես բարդ լուծումներ պահանջող հարցերին ցուցաբերում են պարզունակ, անհեռատես մոտեցում։ Ես չգիտեմ ովքեր են նման խորհուրդներ տվել, բայց արդյունքում ստեղծվեց համոզմունք ճիշտ հակառակում, որ կարելի է «օրենսդիրն ու գործադիրը ներկայացնում են ժողովրդին, իսկ ում է ներկայացնում դատարանը հարցադրմամբ, չհիմնավորված ու կարճատես մոտեցմամբ առանց այդ էլ անկախությամբ չփայլող դատարանը վերածել խամաճիկի։ Արդյունքում ՄԻԵԴ-ի կայացրած և սպասվող որոշումներով լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու, ինչի մասին բազմիցս ահազանգել ենք։ Ի վերջո ի՞նչ է տալու են տալու դատական համակարգում պարզունակ, չհաշվարկված քայլերը։ Առանց համակարգի առողջացման պարզապես լինելու է իմիտացիա, որ ազատվեցինք թերացող, կոռումպացված դատավորներից, իմիտացիա, որ դատական համակարգը անկախ է, իմիտացիա, որ գործում են երաշիքներ, և ամենակարևոր և վտանգավոր իմիտացիան, որ դատարանները ներկայացնում են ժողովրդի իշխանությունը: Այդ դեպքում որտեղ է մնում օրենքը ներկայացնելու պահանջը: Հ.Գ. Երբ է վարչապետը կոչ անելու արգելափակել ՀՔԾ և դատախազության մուտքերն ու ելքերը. նրանք այս պահին ավելի մեծ սխալներ են գործում։ [b] Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»[/b]

Նմանատիպ նյութեր