1586 դիտում
14:30 18-06-2019
Լիլիթ Մակունցի կարծիքով՝ Վահե Գրիգորյանն ընտրվելու դեպքում ավելացնելու է ՍԴ-ի նկատմամբ վստահությունը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը դիտարկում է արդարության վերականգնման համատեքստում, կարծում է, որ նա կարող է ավելացնել դատարանի նկատմամբ վստահությունը: «[url=https://armenpress.am/arm/news/978837.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում ՍԴ-ի դատավորի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում:
«Ես համարում եմ, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության ոլորտում Վահե Գրիգորյանը լուրջ և արժեքահեն հետագիծ ունեցող անձ է՝ թե քաղբանտարկյալների պաշտպանությունն իրականացնելիս, թե ապօրինի շինարարությունների արդյունքում քաղաքացիների խախտված իրավունքները պաշտպանելիս: Եվ հենց այս հետագիծն է, որ ինձ վստահություն է ներշնչում, որ ընտրվելու դեպքում Վահե Գրիգորյանն ավելացնելու է Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը: Եվ դիտարկում եմ նաև Վահե Գրիգորյանի թեկնածությունը արդարության վերականգնման համատեքստում »,-ասաց Մակունցը:
Նա նշեց, որ դատավոր ընտրելու օրինական և իրավական ճանապարհն Ազգային ժողովի ընտրությամբ է: ԱԺ-ն այսօր Հայաստանում քաղաքական մարմին է, բնականաբար քաղաքական մարմինը պետք է կայացնի քաղաքական որոշում: «Սակայն ժամանակն է, որ դուրս գանք այն կարծրատիպից, որ քաղաքական որոշումը ենթադրում է կուսակցական որոշում: Քաղաքական որոշումն արժեքահեն դիրքորոշում է, որն արտացոլում է, թե ինչ արժեքներով ենք մենք առաջնորդվում առաջին հերթին որպես պատգամավորներ, ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ ՀՀ-ում, ինչպիսի դատական համակարգ ու դատավորներ, այդ դեպքում՝ ՍԴ դատավոր ենք ուզում ունենալ»,-նշեց Մակունցը:
Նա շեշտեց, որ հարգում է Վահե Գրիգորյանի այդ դիրքորոշումը, վարքագիծը, որով նա չի կեղծում նախկինում իր արած ձևակերպումները, չի ձևափոխում դրանք, ցանկացած գնով չի գնում ընտրվելու ճանապարհով: Նաև այս հանգամանքն է Մակունցին հիմք տալիս մտածելու, որ թեկնածուն արժանի է հավակնել և ընտրվել որպես ՍԴ-ի դատավոր:
Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Նմանատիպ նյութեր
2048 դիտում
15:16 21-06-2019
Լիլիթ Մակունցի համար Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել
1929 դիտում
10:40 24-12-2019
«Իմ քայլի» պատգամավորները ցանկության դեպքում կարող են ներկա գտնվել Լիլիթ Մակունցի ասուլիսին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»