211652_close_icon
views-count2907 դիտում article-date 09:35 21-06-2019

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները` Վաշինգտոնում հանդիպման արդյունքների մասին․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն հանդիպում ունեցան Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Բանակցություններին քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված հարցեր։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4968047.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «կոչ են անում հակամարտության կողմերին անմիջապես միջոցներ ձեռք առնել խաղաղության և առարկայական բանակցությունների համար նպաստավոր միջավայր վերականգնելու ուղղությամբ», ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 20-ի հայտարարության մեջ, որին նախորդել էր Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: «Մենք ունեցանք արդյունավետ բանակցություններ: Քննարկեցինք առկա իրավիճակը, հաջորդ քայլերը, և նախարարները համաձայնվեցին մոտ ժամանակներում հանդիպել կրկին»,- հայտարարեց հանդիպումից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը: Բանակցությունները համընկել էին շփման գծում առկա լարվածության հետ, որի արդյունքում եղել են զոհեր: Կողմերն ու միջնորդները քննարկեցին ստեղծված կացությունը և լարվածության նվազեցմանն ուղղված հետագա քայլերը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող պատմական DACOR Bacon House կազմակերպության մասնաշենքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Վերջին շրջանի զարգացումները իրենց ազդեցությունն են թողնում բանակցային գործընթացի վրա: Մենք պետք է զգուշորեն մոտենանք և հավատարիմ մնանք այն համաձայնություններին, որոնք ձեռք ենք բերել նախորդ ամիսներին: Եվ դա մեր այսօրվա բանակցությունների շատ կարևոր մասն էր»,- հայտարարեց ՀՀ ԱԳ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումից հետո: «Մենք ունեցանք բավականին ինտենսիվ մտքերի փոխանակում: Համանախագահները տրամադրեցին հավելյալ առարկայական առաջարկություններ, որոնք պետք է ուսումնասիրենք: Պետք է տեսնենք, թե ինչպես ենք առաջ շարժվում այս բանակցություններում: Ցավոք, ինչպես գիտեք, առկա էր լարվածության աճ»,- իր հերթին նշեց Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծեց, որ քննարկվող փաստաթղթում առկա գաղափարներն ու դրույթները չեն փոխվել: Հայկական և ադրբեջանական կողմերը անհամաձայնություններ ունեն մի շարք դրույթների ու մանրամասնությունների շուրջ, նշում է նա: Անհրաժեշտ է քաղաքական կամք՝ առաջ շարժվելու համար: Անգամ առկա զինադադարի խախտումները, նշում է արտգործնախարարը, չպետք է խանգարեն գործընթացի առաջխաղացմանը: «Գաղափարը նույն է: Մենք առաջ ենք շարժվում, հենվելով նույն խաղաղության ծրագրի վրա, որը սեղանին է արդեն վերջին 15 տարիներին»,- հայտարարեց Մամեդյարովը: Իր հերթին Հայաստանի արտգործնախարարը ևս կարևորում է քաղաքական կամքի առկայությունը՝ առաջնային խնդիր համարելով համապատասխան միջավայրի ապահովումը: Նա նշում է, որ բանակցությունները շարունակվում են հայտնի սկզբունքների շուրջ, սակայն յուրաքանչյուր համաձայնություն պետք է հիմնվի փոխզիջման վրա՝ ի նպաստ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի բնակչության, ասում է Հայաստանի արտգործնախարարը: «Զինադադարի խախտումները կարևոր մարտահրավերներ են: Անհրաժեշտ է նվազեցնել լարվածության մեծացման սպառնալիքը, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել համապատասխան միջավայր՝ առաջ շարժվելու համար»,- ասում է Մնացականյանը: Ըստ կողմերի ու միջնորդների, հանդիպմանը քննարկվել են ժողովուրդների միջև վստահության մեծացմանն ուղղված միջոցառումներ ու քայլեր: Կողմերը համաձայնվել են շարունակել բանակցային գործընթացը՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հաջորդ հանդիպման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր