27364 դիտում
21:52 26-06-2019
Պայթեցման աշխատանքներ՝ Լոռու մարզի Աթան համայնքի տարածքում. վտանգավոր սողանքի մի մասն իջեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 25-ին, Լոռու մարզի Աթան համայնքի տարածքում սողանքի վերացման ուղղությամբ գործողություններ են իրականացվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3-4 տարի էր՝ Մարց-Աթան ավտոճանապարհի 25 կմ հատվածում մոտ 200 մետր երկարության հատվածը վտանգ էր ներկայացնում և վարորդների, և անցորդների համար։
Համայնքը դիմել էր կառավարությանը՝ խնդրանքով, որպեսզի նշված տարածքում՝ սարալանջին առաջացած սողանքի արհեստական իջեցման աշխատանքներ իրականացվեն, հակառակ դեպքում գյուղ տանող ճանապարհը վերջնականապես կարող էր փակվել։
Աշխատանքները համակարգում էին արտակարգ իրավիճակների նախարության Լոռու մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները։ Աշխատանքներին ներգրավված էին նաև ոստիկանության Թումանյանի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի և ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։
Հետազոտման աշխատանքները սկսվել են մոտ 1. ամիս առաջ, ինչի արդյունքում էլ որոշվել էր սողանքի արհեստական իջեցումն իրականացնել պայթեցման միջոցով։ Պայթեցման աշխատանքները վստահվել էին «Նորտեխշին» ընկերությանը։ Ընկերության տնօրենի խոսքով՝ ողջ ժայռի տակով ջուր է հոսում և պետք էր բացել ջրի հոսքն ու արագացնել նշված հատվածի իջեցումը։
Սակայն պայթեցումից հետո պարզ է դարձել, որ ամբողջ շերտը չէ, որ իջել է։ Հետևաբար, սողանքի իրական վտանգը դեռ առկա է։ Ներքևի հատվածն իջել է, սակայն մասնագետները նշեցին, որ 1-2 օրից վերևի մասն ինքն իրենով կփլուզվի։
Կառավարությունը հետազոտության ու պայթեցման աշխատանքների համար հատկացրել է մոտ 25 մլն դրամ, և հետագայում ևս գումար կհատկացվի ճանապարհի վերանորոգման համար։
Նշված վայրում հերթապահություն է իրականացրել նաև Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը։ Պայթեցման աշխատանքներին ներկա է գտնվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, անտառտնտեսության աշխատակիցները, Թումանյանի ճանշինը և «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1601 դիտում
15:04 28-07-2021
Պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում
Այս բաժնից
2032 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)