3753 դիտում
22:16 04-07-2019
Լոռու մարզում ապօրինի անտառահատումների համար քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ. պատճառվել է 107 մլն դրամի վնաս
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի մթերման, անտառներ ոչնչացնելու, ինչպես նաև անտառտնտեսության իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 119 դեպք, որոնցից 49-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանց ճնշող մեծամասնությունը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ապօրինի ծառահատումների) տարբեր մասերի հատկանիշներով, իսկ երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը) 1-ին մասի հատկանիշներով:
Ընդ որում, քրեական գործի հարուցումը մերժված նյութերից 54 դեպքերով ծառահատումները եղել են ապօրինի: Դրանցով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 5.6մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 429.300 ՀՀ դրամը: Բուսական աշխարհին պատճառված վնասի վերոհիշյալ չհատուցված գումարները բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին՝ ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:
Ապօրինի ծառահատումների փաստով հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է ավելի քան 102 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է մոտ 600 հազար ՀՀ դրամը: Ընդ որում, բացահայտված բոլոր քրեական գործերով, որոնցով չի հատուցվել պետությանը պատճառված վնասը, նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել պատճառված վնասի չափով անձանց գույքին ինչպես շարժական, այնպես էլ անշարժ կալանք դնելու մասին:
Հիշյալ քրեական գործերով քրեական հետապնդում հարուցվել է 12 անձանց նկատմամբ, այդ թվում՝ 1 անտառապետի:
Հաշվետու ժամանակահատվածում 4 քրեական գործ 4 անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից երկուսի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել նաև նախորդ տարվանից փոխանցված 3 քրեական գործ՝ 3 անձանց վերաբերյալ:
Մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայել են, որ մի շարք դեպքերում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող որոշ անտառտնտեսություններում արձանագրվել է տևական ժամանակ մեծ քանակությամբ ծառահատումներ կատարելու և դրանք անտառտնտեսության տարածքից դուրս բերելու փաստեր, որոնք դուրս են մնացել անտառտնեսության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների տեսադաշտից: Ավելին՝ պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատման դեպքերին անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև նշված անտառտնտեսության որոշ պաշտոնատար անձինք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են պայքարելու անտառախախտումների դեմ: Ընդ որում, առանձին դեպքերում գրանցվել է նաև ապօրինի հատված ծառերի կոճղամասերը անտառտնտեսության որոշ պաշտոնատար անձանց կողմից քողարկելու դեպքեր:
Իրավասու պաշտոնատար անձանց կողմից անտառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող այս կամ այն անտառտնտեսությունում տեղ գտած բացթողումները վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական ներգործություն միջոցներ կիրառելու նպատակով Լոռու մարզի դատախազի կողմից համապատասխան միջնորդագիր է հասցեագրվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին:
[b] ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)