211652_close_icon
views-count4373 դիտում article-date 16:35 13-07-2019

Հոյակապ մարդ, փայլուն դիվանագետ. Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Արման Կիրակոսյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ ներկա էին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի վերջին հրաժեշտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: «Դժվար և հեշտ է խոսել Արման Կիրակոսյանի մասին: Նա փայլուն անձնավորություն էր, բյուրեղյա մարդ իր բազմաթիվ առաքելություններով ու առաքինի հատկություններով: Նա բարդ էր և պարզ: Կիրակոսյանը ընտանիքի մարդ էր. փայլուն զավակ էր իր ծնողների համար և փայլուն շարունակողն էր Ջոն Կիրակոսյանի մեծ գործի: Հոյակապ եղբայր էր, որի նմանը դժվար է գտնել, հոյակապ ամուսին: Գիտեմ, թե ինչ նվիրված հայր էր Արմանը: Պետք է կրկնեմ, որ հեշտ և բարդ է խոսել նրա մասին»,-նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա շեշտեց, որ Կիրակոսյանը ֆանտաստիկ ընկեր էր, որը երբեք չէր սպասում փոխադարձության, միշտ մտածում էր ընկերների մասին: «Կիրակոսյանը նաև մեծ գիտնական էր: Նա մեր հայ պատմագիտության լավագույն մասնագետներից էր, մեկը, որն իր կյանքի գիտական ամբողջ գործունեությունը նվիրեց ազգի պատմությանը, Եղեռնի ճանաչմանը, հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը: Շատ եմ ափսոսում, որովհետև Արմանը դեռ երկար տարիներ պետք է մեծ ներդրում ունենար հայագիտության զարգացման գործում»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը: Անդրադառնալով Կիրակոսյանի դիվանագիտական գործունեությանը` նախագահն ասաց, որ միասին են սկսել դիվանագիտական ծառայությունը Հայաստանի երրորդ Հանրապետությունում: «ՀՀ արտաքին գործերի նախարարության ստեղծման առաջին իսկ տարիներից Արմանն այնտեղ էր, որպես նախարարի պաշտոնակատար, տեղակալ, դեսպան: ԱԳՆ մտնելիս միշտ մտածում էի, որ մտնում եմ Արմանի տուն, նրա հոր տուն»,-նշեց Սարգսյանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով` խորին հարգանքի տուրք են մատուցում Արման Կիրակոսյան պետական այրին, դիվանագետին, պատմաբանին, մանկավարժին, մի մարդու, որն արժանիորեն վայելում է հայ ժողովրդի հարգանքը, սերը Հայաստանում, սփյուռքում և աշխարհում: «Լինելով Արտաքին գործերի նախարարության հիմնադիրներից մեկը` նա ծանրակշիռ ներդրում ունի դիվանագիտական ծառայության կայացման գործում. բավական է հիշել, որ և’ երկրի, և’ համակարգի ամենածանր օրերին` 90-ականների սկզբներին, Կիրակոսյանը հանդիսացել է Արտաքին գործերի ժամանակավոր փոխնախարար, հետո ղեկավարել է նախարարությունը: Նրա գործունեությունը մշտապես ծավալվել է արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում»,-շեշտեց Մնացականյանն ու հավելեց, որ Արման Կիրակոսյանը Հայաստանի համար վճռական գործընթացներում և դրանց դիվանագիտական հատվածում արձանագրել է կարևոր ձեռքբերումներ` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, նա կարողացել է հստակ ընկալել, ձևակերպել ապա հետամուտ լինել միջազգային հարաբերություններում Հայաստանի ազգային շահերին: Ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանն էլ ընդգծեց, որ Արման Կիրակոսյանի նման հրաշալի մարդիկ և լավ մասնագետները միշտ պահանջված են: «Նրա կյանքն ապացուցեց, որ, անկախ քաղաքական իրավիճակից, Կիրակոսյանն իր տեղում էր: Մենք բոլորս ժամանակավոր ենք. կարևոր է, թե ինչ հետք ենք թողնում մեզանից հետո: Նա դիվանագիտական դպրոց թողեց: Բազմաթիվ դիվանագետներ Կիրակոսյանին ուսուցիչ են համարում: Նա օրինակ էր, թե ինչպիսին պետք է լինի աշխարհում Հայաստանը ներկայացնող պետական պաշտոնյան»,-եզրափակեց Բաբայանը: Արման Կիրակոսյանի վերջին հանգրվանը Երևանի քաղաքային պանթեոնն է: 0 Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին, Երևանում։ Նա մահացել է կյանքի 63-րդ տարում՝ 2019 թվականի հուլիսի 6-ին։

Նմանատիպ նյութեր