211652_close_icon
views-count2215 դիտում article-date 11:14 09-08-2019

Նախկին բարձրաստիճան սպան և նրան օժանդակող անձը կաշառքի դիմաց կազմակերպել են զինծառայությունից ազատելու, տարկետում տրամադրելու գործընթացներ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, 2019թ ամառային զորակոչի ընթացքում, 2․000-15․000 ԱՄՆ դոլար գումարների դիմաց, կազմակերպել են թվով 9 զորակոչիկի և 4 զինապարտի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձեռք բերելու և դրանց հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից նրանց ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործընթացները: Բացի այդ, պարզվել է նաև, որ նախկին բարձրաստիճան սպայի հետ համագործակցող անձը զբաղվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երկու անձի առողջական մտացածին խնդիրների հիման վրա ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցերով: Այդ գործում նրան օժանդակել է կայազորային հոսպիտալի բժիշկներից մեկը: Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 3 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախկին բարձրաստիճան սպան և նրան օժանդակող անձը կալանավորվել են: ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից: Կատարվում է նախաքննություն։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համար­վում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր