211652_close_icon

Ներքին Գետաշենում սուբվենցիոն ծրագրով կառուցվում են խմելու եւ ոռոգման ջրատարներ

views-count1757 դիտում article-date 16:16 20-08-2019
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են խմելու եւ ոռոգման ջրատարների կառուցման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով , որի նախահաշվային արժեքը կազմում է 16 միլիոն 644 հազար դրամ, նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգում գյուղի յոթ թաղամասերում, 2491 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքի 70 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի գյուղապետարանը: Շինարարությունը կավարտվի հոկտեմբերի վերջերին, որից հետո ջրամատակարարումը ավելի քան 300 տնտեսությունների համար կբարելավվի թե՛ քանակապես, թե՛ որակապես: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով , որի նախահաշվային արժեքը կազմում է 20 միլիոն 273 հազար դրամ, ոռոգման ջրատարների բարեկարգման կամ կառուցման աշխատանքներ են ընթանում 6 թաղամասերում, 988 գծամետր ընդհանուր երկարությամբ: 2 թաղամասերում դրանք կառուցվում են պոլիէթիլենային խողովակներով, 4 թաղամասերում՝ երկաթյա կիսախողովակներով: Ծրագրի ընդհանուր արժեքի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի գյուղապետարանը: «Գյուղի յոթ թաղամասերում ունեինք խմելու ջրի, վեց թաղամասերում՝ ոռոգման ջրի անկանոն մատակարարում, որոնք ուղեկցվում էին մեծ քանակի կորուստներով: Կենսական նշանակության այս ծրագրերի ավարտից հետո այդ թաղամասերում լիովին կապահովվի պահանջվող ջրամատակարարումը: Ավելին, Վերին դեմեր կոչվող թաղամասը մինչ այժմ լիովին զուրկ էր ոռոգման ջրի մատակարարումից, իսկ եկող տարվանից այստեղ շուրջ 10 հեկտար հողատարածք դառնալու է ոռոգելի: Սուբվենցիոն երրորդ ծրագրով , որը սկսվելու է սեպտեմբեր ամսից, նախատեսվում է ասֆալտապատման աշխատանքների իրականացում գյուղի 12 տարբեր փողոցներում »,-ներկայացրեց Կարո Գեւորգյանը:

Նմանատիպ նյութեր