211652_close_icon
views-count1842 դիտում article-date 22:10 26-08-2019

Խորհրդանշական է այցը Հայաստան հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Շվեդիան տոնում է իր ժողովրդավարության 100-ամյակը. Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենին: Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ դեռեւս թարմ են տպավորությունները հունիսին Շվեդիա կատարած պաշտոնական այցից, որի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները նոր էջ բացեցին հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում: Հայաստանի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ մեծ պատիվ է ընդունել իր շվեդ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Անդրեաս Նորլենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ շվեդական կողմը շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները: Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները մտել են արագ զարգացման փուլ, որն ունի բավականին հավակնոտ օրակարգ: Ըստ ԱԺ նախագահի՝ ակնհայտ է այն անկեղծ հետաքրքրությունը, որը ցուցաբերում է Շվեդիան թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, ինչի մասին խոսում են թե՛ բարձր մակարդակի փոխայցելությունները, թե՛ Շվեդիայի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցության շոշափելի աճը: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ցանկություն ունի համագործակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային եւ անտառային ռեսուրների կառավարման, հանքարդյունաբերական թափոնների կառավարման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Շվեդիայի խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ խորհրդանշական է այցը Հայաստան հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Շվեդիան տոնում է իր ժողովրդավարության 100-ամյակը: Նա հավելել է, որ նման ներկայացուցչական կազմով, որն ընդգրկում է Րիկսդագի բոլոր փոխխոսնակներին եւ քաղաքական խմբերի ղեկավարներին, Շվեդիայի խորհրդարանն այցելություն է ունենում միայն 4 տարին մեկ անգամ: Նա կրկին վերահաստատել է շվեդական կողմի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին եւ կայուն ազատ շուկային միտված բարեփոխումների ընթացքին:

Նմանատիպ նյութեր